Հայկական ծիրանը համախմբել է մոսկվաբնակ հայերին

Հայկական ծիրանը համախմբել է մոսկվաբնակ հայերին

737

Արդեն երկու օր է, ինչ Ռուսաստանի տարբեր քաղաքների և մասնավորապես Մոսկվայի գյուղմթերքների շուկայում առաջացել էր բավականին լուրջ խնդիր. Ռուսաստանի ադրբեջանցիները ամեն կերպ խոչընդոտում էին և թույլ չէին տալիս, որ հայերի Ռուսաստան տեղափոխած գյուղմթերքը իրացվեր ռուսաստանյան շուկաներում: Ամենամեծ խնդիրն առաջացել էր Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առևտրի շուկայում, որի կայանատեղիում երկու օր է կայանած էին հայաստանյան պետհամարանիշերով բեռնատարներ՝ բեռնված գյուղատնտեսական մթերքներով և մասնավորապես՝ ծիրանով, որի քանակը 1000 տոննա էր։

Հայ արտահանողներն այստեղ խնդրի էին բախվել, քանի որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարման այս օրերին ադրբեջանցի առևտրականները որոշել էին չգնել հայկական գյուղմթերքը։ Հայ արտահանողներն էլ ապրանքը սկսել էին վաճառել այլազգի առևտրականներին։ Տեսնելով, որ հայերի ապրանքը վաճառվում է, «Food City» շուկայի ղեկավարությունը տարածիքց հանել էր հայկական բեռնատարները, քանի որ շուկայի սեփականատերը արմատներով Ադրբեջանից է։

Ավելի ուշ շատերը կոչերով էին դիմել մոսկվայաբնակ հայերին՝ գնելու ծիրանը։ Հետևելով կոչին՝ մոսկվաբնակ հայերը Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները, ովքեր իրազեկվեցին, որ նման խնդիր կա, հարյուրավոր կիլոմետրեր հատելով, շարժվեցին դեպի տարբեր քաղաքների՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Վորոնեժ և այլ քաղաքների գյուղատնտեսական շուկաներ։ Մի քանի ժամերի ընթացքում մոսկվայաբնակ հայերը գնել էին Հայաստանից տարված ծիրանն ու գյուղատնտեսական այլ մթերքներ, այնպես, որ դրանք վերջացել էին։ Բազմահազարոց հերթեր էին գոյացել շուկաներում, որի ընթացքում մեր հայրենակիցները հասցրել էին պարել քոչարի, երգել և կազմակերպել հյուրասիրություն։


Ավելի ուշ Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, ըստ որի խնդրին տրվել էր 2 այլընտրանքային լուծում. հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարներին առաջարկվում էր իրենց ապրանքը տեղափոխել հետևյալ երկու իրացման կետեր. «Шёлковый Путь» առևտրի կենտրոն, МКАД, 32-й километр, որը գտնվում է «Ֆուդ սիթի» կենտրոնից մոտ 10 կմ հեռավորության վրա, և «Бухта» մեծածախ առևտրի կենտրոն Дмитровское ш., 165 корпус 1 հասցեներում։Այս կետն առաջարկվում էր «Տաշիր» ԸԽ-ի կողմից, որտեղ մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանի որոշմամբ անվճար կարող են կայանել հայ արտահանողները: Ավելի ուշ Աննա Օհանյանը հայտնել էր, որ արտահանողները կարող են անվճար պայմաններով կայանել «Роктон» պահեստավորման բազայի տարածքում ևս (51-й км МКАД, вл.2), ինչպես նաև արտադրական-պահեստավորման «БММ» կենտրոնի տարածքում (г. Москва, Кирпичные выемки, 4)։ Նա նշել էր նաև, որ տեղում ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները:

Լուսանկարները՝ Sky-Fly մեդիայի

Անի Մարտիրոսյան

Կիսվել