ՏԱՆ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԸ

ՏԱՆ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԸ

1641

Քըրք Քըրքորյանի  ֆինանսավորմամբ  նկարահանված  Հայոց  ցեղասպանության մասին պատմող «Խոստում»  գեղարվեստական  ֆիլմը, շնորիվ  իր  ստեղծագործական  անձնակազմի  (Թերրի  Ջորջ, Քրստիան Բեյլ, Օսկար Այզեք),  ակնկալվում  էր, որ  այս տարի կներկայացվի  ամերիկյան  ակադեմիայի  «Օսկար»  մրցանակի։ Սպասելիքները չարդարացան,  բայց  այս տարի, կարծես թե, Հայոց  ցեղասպանության թեման այնուամենայնիվ   քննարկվելու է  կինոաշխարհի  գլխավոր  մրցանակաբաշխությունում։

Ամերիկաբնակ հայ կինոռեժիսոր Նարե  Մկրտչյանի  «Տան  մյուս կողմը»  ֆիլմը  լավագույն կարճամետրաժ  վավերագրական  ֆիլմ անվանակարգի շորթլիստում է։  Այսինքն՝    ընդգրկվել է վերջնական 10  հավակնորդ  ֆիլմերի ցանկում, որից հինգն էլ հունվարի 24-ին կայանալիք  արարողությանը  կառաջադրվեն  Օսկարի. «Երբ ֆիլմս ակադեմիայի  շորթլիստում տեսա, արցունքներս չէի կարողանում զսպել, քանի որ առաջին անգամն է, որ հայկական  արտադրության ֆիլմը այսքան մոտ է նոմինացվելուն։ Սա մեծ  դռներ կբացի մեր ֆիլմի համար ու հնարավորություն կտա ավելի մեծ լսարանին լսելի դարձնել Հայոց ցեղասպանության մասին»,-ասել է  Ն. Մկրտչյանը։

Ընդամենը  40   րոպե  տևողությամբ   հուզիչ  վավերագրական ֆիլմի  հերոսուհին  Մայան է,  ով իր  գիտակցական  կյանքի  կեսը  ապրելով  որպես  թուրք, մի օր  բացահայում է, որ իր մեծ  տատը  սեփական  ինքնությունը կեղծելու գնով  ցեղասպանությունից մազապուրծ  փրկված   հայ է։ «Ես ցանկանում էի մարդկային պատմություն պատմել։  1.5 միլիոնը ընդամենը  թիվ է։  Իմ պատմության կենտրոնում  մարդն է։  Հույս  ունեմ, որ այն դիտելուց հետո, մարդիկ  կհասկանան, որ  մենք  բոլորս մարդ ենք` անկախ  կրոնից ու ազգությունից։ Ի վերջո  մենք էլ մի օր կարող ենք արթնանալ ու իմանալ, որ մեր երակներում թշնամի ազգի արյունն է հոսում, ինչպես որ պատահեց իմ հերոսուհուն»։

https://www.youtube.com/watch?v=fYxu5Gn07rc

Կինոռեժիսորը մեղադրանքների ու պահանջների փոխարեն փորձել է իր ֆիլմով ընդհանուր   հարթակ ստեղծել երկու կողմերի համար։ Ֆիլմում մի կողմից ներկայացվում է 2015 թ.-ի Թուրքիան, որտեղ  միաբերան ժխտում են  Հայոց ցեղասպանությունը, մյուս կողմից՝ 100-րդ տարելիցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրացող մարդկանց երթերը։ Այս ամենի   կենտրոնում Մայան է, ով ժամանում է Հայաստան, լինում Ծիծեռանակաբերդի  բարձունքում,  հուզվում է, ցավ զգում, ի վերջո  բոլոր փաստերը իր առջև են, բայց ամենազդեցիկ պահին նա հրաժարվում է արտասանել «Ցեղասպանություն» բառը։  «Երբ նա հրաժարվեց, ես այդ պահին  պատրաստ էի  կանգնեցնել նկարահանումները. մտածում  էի, որ ոչ մի դեպքում չեմ ներկայացնի  ֆիլմ մեկի մասին, ով ժխտում է ցեղասպանությունը։  Հետո միայն հասկացա, որ դա է իմ ֆիլմի հմայքը, արժեքը։ Մայան երկփեղկված ինքնություն է՝ ցեղասպանություն վերապրած հայի և ժխտող թուրքի կոնֆլիկտի մարմնացումն է»։

«Տան  մյուս  կողմը» ֆիլմին անրադարձել է նաև աշխարհահռչակ «Variety» պարբերականը՝  մեջբերելով  կինոքննադատների կարծիքներից. «Այս ֆիլմի գլխավոր հաջողությունն այն է, որ դիտողը  դառնում է անցյալի ու ինքնության ժխտման պահի իրական ականատեսը»։

Մեզ մնում է սպասել հունվարի 24-ին՝ պարզելու, թե արդյոք տարվա ամենակարևոր կինոիրադարձությանը մենք էլ վերջապես կունենանք  առաջադրված հայկական ֆիլմ ՝այն էլ նման  կարևոր  թեմայի վերաբերյալ։

 

Մերի Աբրահամյան

3-րդ կուրս

Կիսվել