Այսօր առավոտվանից հնարավորություն ենք ունեցել ակտիվությամբ ներգրավվելու տնտեսական կյանքի, առօրյայի մեջ. Հայկ...

Այսօր առավոտվանից հնարավորություն ենք ունեցել ակտիվությամբ ներգրավվելու տնտեսական կյանքի, առօրյայի մեջ. Հայկ Չոբանյան

612


«Մեծ ծավալով իրականացվում են վերականգնողական աշխատանքներ, սակայն վերականգնողական աշխատանքներից զատ, ավելի կարևոր է ամբողջությամբ վերադառնալը բնականոն աշխատանքին, տնտեսական կյանքին»,- այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Մարզպետի խոսքով՝ վերականգնողական գործընթացին այսօրվանից կսկսեն փոխարինել զարգացման ծրագրերը։ Նա հավաստիացրեց, որ կսկսեն ակտիվորեն զբաղվել տարածաշրջանի և հատկապես սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրերով։ Նաև հավելեց, որ արձանագրված են բոլոր տնտեսական, քաղաքաշինական վնասները, և այսօր հանձնաժողով է ստեղծվել, որը պետք է արձանագրի գյուղատնտեսական վնասները։ «Հրետակոծությունների ժամանակ վնասվել են նաև գյուղատնտեսական տարածքներ, ֆերմաներ։ Այսօրվանից կսկսենք նաև այդ աշխատանքները»,- ասաց Տավուշի մարզպետը։
Հայկ Չոբանյանը տեղեկացրեց, որ ստեղծվել են սոցիալ-հոգեբանական հանձնաժողովներ, որտեղ ներգրավում են տարբեր հասարակական, միջազգային կառույցների:
«Ներգրավել ենք հատկապես սոցիալական ոլորտում աշխատող կազմակերպությունների, որոնք գործում են Տավուշի մարզում: Դրանցից են՝ «Վորլդ վիժնը», «Հույսի կամուրջը», «Հայ օգնության ֆոնդը» և այլն»,- ասաց Չոբանյանը:
Մարզպետը վստահեցնում է, որ շատ ակտիվ աշխատելու են սոցիալ- հոգեբանական իրավիճակի ուսումնասիրության ուղղությամբ, այդ թվում՝ երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու ուղղությամբ. « Իհարկե, համավարակով և արտակարգ դրությամբ պայմանավորված վարքականոնների լիրաժեք պահպանությամբ»,- հավելեց մարզպետը։

Զարգացման ծրագրերն իրականացնելու են երկու ուղղությամբ. առաջինը՝ սկսված մասսայական դրամահավաքի շարունակությունն է, և երկրորդը՝ սեպտեմբեր ամսին Տավուշի մարզպետարանը կանցկացնի ներդրումային համաժողով, որի պաշտոնական հայտարարությունը, մարզպետի խոսքով, կլինի առաջիկա օրերին:

Կիսվել