«Ես փոքր էի, ցանկապատերը ինձ թվում էին բարձր-բարձր: Իսկ այժմ ես այդ ցանկապատերից բարձր եմ, բայց ես հուզվում եմ այդ ցանկապատերին մոտենալով: Եթե քո մեջ նման հուզմունք չկա, չի լինի նաև արվեստ»,– ասել է ջաջուռցի այն հանճարը, ում անունն է ՄԻՆԱՍ։
Նա ծնվել է 1928 թվականի հուլիսի 20-ին Շիրակի լեռնաշղթայի արևմտյան ստորոտին գտնվող Ջաջուռ գյուղում, որ հետագա տարիներին պիտի դառնար նրա կտավների էությունն ու հոգին։
Ծնողները որդուն Մինաս էին կոչել՝ չիմանալով, որ այդ անունն է ունեցել միջնադարյան մանրանկարիչ Մինասը։ Դա մի փոքրիկ պատահականություն էր, որ հետագայում ավելի մեծ պատահականության պատճառ պիտի դառնար։ Մինասի ոգեշնչման աղբյուրներն էին հայ միջնադարյան մանրանկարչությունը և իտալական վերածննդի նկարչությունը։
Նրա ոգեշնչման աղբյուրներից էր նաև մեծն Մարտիրոս Սարյանը, ում հետ Մինասը հանդիպեց 18 տարեկանում։ Հետագայում Սարյանը Մինասի մասին պիտի ասեր.
«Մինա՛ս, ես քեզնից մեծ եմ 50 տարով։ Ափսոս՝ ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանա՛ս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակիր խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին»։
Գեղագիտական կրթությունը Մինասը ստացել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում (1947-1952), այնուհետև՝ Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1953 թվականին տեղափոխվել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ, որտեղ սովորել է Ա. Զայցևի և Լ. Խուդյակովի արվեստանոցում։ Այս շրջանում նրա համար կարևոր էր հատկապես իր դիպլոմային աշխատանքի ղեկավար Բորիս Յոհանսոնի հետ ծանոթությունը, ով նկարչին անվանում էր «Նոր Մատիս»։
Լենինգրադից Մինասը վերադառնում է 1960 թվականին ու հենց այդ ժամանակ էլ Հայ նկարչության մեջ բացվում է նոր ու անկրկնելի մի էջ, Մինասի էջը՝ տաք գույների, բուռն տարերքի ու սուր ընկալումների մի աշխարհ։ Շատ արվեստաբանների կարծիքով` Մինասի գույները կրքոտ են ու անգամ դրամատիկ, երբեմն էլ ունեն ողբերգության հասնող հնչողություն։ Այդպիսին է հատկապես Մինասի կարմիրը։ Ասում են՝ մի օր դեռևս պատանի ու ոչ այնքան հայտնի նկարչի ցուցահանդեսներից մեկին ներկա գտնվելով՝ հայ գեղանկարչության մեծագույն վարպետ ու Մինասի կուռք Մարտիրոս Սարյանը պատանուն խորհուրդ է տալիս փոխել նկարներից մեկի ֆոնի կարմիրը։ Որոշ ժամանակ անց մեկ այլ ցուցահանդեսի ժամանակ տեսնելով նկարը նույն կարմիրով Սարյանն ասում է ՝ «Ապրե՛ս, որ չփոխեցիր»։
Մինաս Ավետիսյանը շարունակել և ստեղծագործաբար զարգացրել է նաև հայ մանրանկարչության ավանդույթները: Հայտնի են Երևանում, Գյումրիում, Վահրամաբերդ գյուղում Մինասի ստեղծած հրաշալի որմնանկարները, որոնք, ցավոք, այսօր ունեն պահպանության խնդիր:
1962թ. Երևանի օպերայի և բալետի թատրոնում ձևավորել է նաև մի շարք բալետներ: Նա նոր աստիճանի է հասցրել հայ բեմանկարչական արվեստը Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի և Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորումներում: Արամ Խաչատրյանը այսպես է արտահայտեվել Մինասի բեմանկարչության մասին .
«Մինասի խառնվածքը ուժեղ է, վառ… Նա թատերական նկարչության մեջ փոխադրեց իր հզոր սիմֆոնիզմը»:
1972 թ. հունվարի 1-ին անբացատրելի ու դեռևս չբացահայտված պատճառներով հրդեհվում է Մինասի արվեստանոցը: Մինասի պես զգայուն նկարչի համար սարսափելի ծանր հարված էր դա։ Նա կյանքում առաջին անգամ լաց էր լինում ու ասում. «Ավելի լավ էր ես գնայի, գործերս մնային»։
Այդ հրդեհից այրվել էր նրա կտավների մեծ մասը՝ 300 աշխատանք: 100-ից ավելին ավարտուն վիճակում էին, այդ թվում նաև Փարիզում կազմակերպվելիք ցուցահանդեսի համար հավաքած աշխատանքները: Այրվել էր նաև նկարչի անձնական արխիվը։ Հետագայում մի քանի կտավ ոչնչացել էր Բեյրութի ցուցահանդեսում՝ քաղաքի ռմբակոծության հետևանքով:
Նկարչի մահը այնքան առեղծվածային էր, որքան նրա արվեստանոցի հրդեհը։ 1975թ. փետրվարի 16-ին Երևանում Մինասը ենթարկվում է ավտովթարի ոմն տաքսու վարորդի կողմից, և, չգալով գիտակցության՝ փետրվարի 23-ին մահանում:
Մինաս Ավետիսյանի մահվան հանգամանքները մինչ օրս մնում են չպարզված։
Իր ստեղծագործական 15-ամյա կյանքի ընթացքում նկարիչը ստեղծել է մոտ 500 մեծ ու փոքր կտավ, մոտավորապես նույնքան գծանկար, քսան մեծածավալ որմնանկար, մեկ տասնյակից ավելի բալետային ու թատերական ձևավորումներ։
Մինասի ստեղծագործական ճանապարհը ամբողջովին պայքար էր, նա իր մեջքին կրում էր նկարչի խաչը, իսկ ճակատին՝ փշե պսակը …
Անի Մարտիրոսյան