Ադրբեջանն այդքան էլ պատրաստակամ չէ ընդունելու առաջարկները և ներդնելու այնպիսի միջոցառումներ, որոնք...

Ադրբեջանն այդքան էլ պատրաստակամ չէ ընդունելու առաջարկները և ներդնելու այնպիսի միջոցառումներ, որոնք կբացառեն հրադադարի խախտումների հետագա հնարավորությունները. Զոհրաբ Մնացականյան

588

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «France 24» լրատվամիջոցին հարցազրույց է տվել, որտեղ խոսել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածության և այդ խնդրի լուծման ուղիների մասին.

«Այն, ինչ տեղի ունեցավ, ըստ էության, վերջին շաբաթների և ամիսների ընթացքում Ադրբեջանում մեծ ինտենսիվություն ստացած ռազմատենչ և ատելության հռետորաբանության դրսևորում էր։ Ըստ երևույթին, նրանք փորձարկում էին Հայաստանի վճռականությունն ու կարողությունները Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս։ Եվ սա իրապես շատ վտանգավոր զարգացում էր:

Առայժմ մեզ հաջողվել է հանդարտեցնել իրավիճակը: Հինգշաբթի օրը ևս մեկ անգամ համանախագահների՝ ՌԴ համանախագահի հետ և մյուս գործընկերների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահների հետ սերտ համակարգմամբ կարողացանք վերականգնել հրադադարը: Սա կրկին փխրուն իրավիճակ է: Առայժմ այն պահպանվում է, և մեր նպատակն է ապահովել հրադադարի կայուն վերականգնումը: Փաստացի նաև ձեռնարկել հատուկ միջոցներ՝ ամրապնդելու հրադադարի ռեժիմը և բացառելու սահմանի երկայնքով, ինչպես նաև Արցախի հետ շփման գծում հանդարտությանը սպառնացող մարտահրավերները: Սա, իհարկե, մեր կարևոր առաջնահերթությունն է:

Մենք բավական հաստատակամ ենք եղել լարվածության ռիսկերի նվազեցման և հրադադարի խախտման հետաքննության միջոցների ներդրման հարցում: Մենք շատ հաստատակամ ենք այդ հարցում: Մենք շատ հաստատակամ ենք նաև հետագա միջոցների ձեռնարկման հարցում, ինչպիսիք են՝ մոնիթորինգի ընդլայնումը, տեղում ուղիղ կապի հաստատումը: Դրանք այն միջոցներն են, որոնք կօգնեն մեզ վերահսկել հրադադարի ռեժիմը: Սակայն Ադրբեջանն այդքան էլ պատրաստակամ չէ ընդունելու այդ առաջարկները և ներդնելու այնպիսի միջոցառումներ, որոնք կբացառեն հրադադարի խախտումների հետագա հնարավորությունները: Ուստի, ևս մեկ անգամ կոչ եմ անում նրանց գալ բանականության դաշտ և ընդունել այդ առաջարկները, և աշխատել մեզ հետ հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ»,- ասել է Մնացականյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ ԱԳՆ պաշտոնական էջում:

Կիսվել