Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը Journalist.am-ին հայտնեց, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատում ընդունված օրինագծի հիմնական նպատակը հենց վերահսկողություն սահմանելն է։ Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրամադրվող ցանկացած օգնություն կարող է կիրառվել Հայաստանի և Արցախի դեմ՝ հաշվի առնելով Ադրբեջանի փորձը՝ բանակի գործողություններում կիրառելու սահմանապահ ծառայության սպառազինությունը։ Ըստ Հովհաննիսյանի ՝ ԱՄՆ տրամադրած օգնությունը նախատեսված չի եղել մահաբեր զենքերի ձեռք բերման համար, սակայն այն ներառել է հետախուզական և այլ սարքավորումներ, որոնք կարող են տրամադրվել նաև բանակին։
«Ինչպես գիտենք, ԱՄՆ ռազմական օգնության դեպքում հստակ կերպով ընդգծվում է, որ այն պետք է ուղղվի Կասպսից ծովում Ադրբեջանի ՊՍԾ առափնյա անվտանգության ուժերի, ինչպես նաև հարավային՝ Իրանի սահմանին տեղակայված ստորաբաժանումների կարողությունների մեծացման համար։ Որրպես պատճառ նշվում է Կասպից ծովով և Իրան-Ադրբեջան սահմանով անօրինական թմրաբիզնեսի, մաքսանենգության դեմ պայքարը»,-նշեց ադրբեջանագետը։
Տարոն Հովհաննիսյանը նաև նկատեց, որ այս քայլը որոշակիորեն ուղղված է հենց Իրանի դեմ, և ԱՄՆ-ի կողմից օգնություն տրամադրելու հիմնական շարժառիթներից մեկը թերևս դա է։
«Թեև նշվում է, որ այն չպետք է օգտագործվի բանակի կազմում, սակայն մենք բազմիցս ականատես ենք եղել, որ Ադրբեջանը թե՛ 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների, թե՛ 2020թ. հուլիսյան գործողությունների ընթացքում օգտագործել է սպառազինություն, որը եղել է ՊՍԾ սպառազինությունում»,-ընդգծեց Հովհաննիսյանը։
Նա նաև հավելեց, որ եթե օգնությունը տրամադրվում է թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարելու համար, սակայն այն օգտագործվում է ռազմական գործողություններում, ապա օգնության տրամադրումը պետք է դադարեցվի։
«Նման պարագայում դա կարող է բավականին լուրջ խնդիրներ առաջացնել Ադրբեջանի համար ոչ միայն ռազմական, այլ նաև քարոզչական առումով։ Ավելացնեմ, որ միայն 2018-2019թթ. Ադրբեջանի սահմանապահ ծառայությանը տրամադրված ԱՄՆ օգնությունը կազմել է ավելի քան 100 միլիոն դոլար»,-ասաց ադրբեջանագետը։
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 21-ին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է ռազմական օգնության հատկացումների մասին օրենսդրական փոփոխությունները, որը ներառում է Հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունեի առաջարկը։ Ըստ նրա՝ այս փոփոխությունը հիմք է հանդիսանում Ադրրբեջանին ռազմական օգնությունից զրկելու համար, քանի որ, ըստ կոնգրեսականի, Բաքուն ունի մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներ և վարում է ռազմատենչ քաղաքականություն։
Անի Թամրազյան