Այսօր՝ հուլիսի 24-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսի ակտիվ դեպքերը հունիսի 14-ից հետո առաջին անգամ քիչ են 10 հազարից։ Վարչապետի խոսքով՝ այժմ հիմքեր կան պնդելու, որ մենք ոչ միայն մտել ենք կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ, այլև աշնան երկրորդ կանխատեսվող ալիքի նկատմամբ կարող ենք ունենալ ավելի լավ դիմակայունություն։ Սակայն վարչապետը նաև արձանագրեց, որ այս լավ լուրերի կողքին ավելի են ակտիվանում համաճարակի դեմ հակառակ արշավները։
«Ես ուզում եմ հստակ արձանագրել, թե որն է պատճառը, որ մենք տեմպի որոշակի անկում ունենք։ Պատճառը հակահամաճարակային միջոցառումների պահպանումն է, որի գագաթնակետը դիմակների կրումն է։ Ինչքան էլ որ դիմակ կրելը տհաճ է, բայց ակնհայտ է, որ այս դինամիկան, որը մենք ունենք, հիմնականում դիմակի կրման որոշակի կարգուկանոն ունենալու պատճառով և շնորհիվ է»,-նշեց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ այս վիճակագրությունը ոչ թե պետք է մեզ թուլացնի, այլ հակառակը՝ պետք է քաջալերի ավելի լավ պահպանել հակահամաճարակային կանոնները, քանի որ հակառակ դեպքում կարող ենք կրկին հայտնվել հունիսյան իրավիճակում։
«Իմ կոչն ու խնդրանքն է ձեզ՝ տուրք չտաք այդ անպատասխանատու հայտարարություններին, որովհետև դիմակի կրումը մեր հակահամաճարակային այս պրոցեսի մեջ ունի անկյունքարային նշանակություն։ Մեր նպատակը և խնդիրը այն է, որ մենք աշնանը համաշխարհային չափանիշներով պատրաստ լինենք հնարավոր երկրորդ ալիքին։ Եթե դիմակի հետ կապված փոփոխություն լինի անելու, մենք կշտապենք առաջինը դա անել»,-ասաց վարչապետը։