Այս ամենը կապ ունի Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ հռետորաբանության հետ. Ռուսաստանում ՀՀ...

Այս ամենը կապ ունի Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ հռետորաբանության հետ. Ռուսաստանում ՀՀ դեսպան

487

Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը «Говорит Москва»-ի հետ զրույցում հայտարարել է, որ Մոսկվայի բախումները նախապես պլանավորված են եղել ադրբեջանցիների կողմից: Նրա խոսքով՝ իրենք փորձել են կապ հաստատել համայնքի ներկայացուցիչների հետ, սակայն չեն կարողացել:
«Մենք ամբողջ գիշեր տեղեկություններ ենք ստացել: Մոսկվայի հարավ-արևելքում մի քանի նման դեպք է տեղի ունեցել: Շատ լավ կազմակերպված հանցախմբերը, որոնք զինված են եղել, հետապնդել են հայկական համարանիշով ավտոմեքենաները, հարձակվել մարդկանց վրա: Զոհեր չկան, սակայն կան վիրավորներ, այս պահին հայտնի է 2 հոսպիտալացվածի մասին: Մենք մեր գործողությունները համակարգում ենք իրավապահների հետ: Մեր հասարակական կազմակերպությունները ևս կապի մեջ են»,- նշել է դեսպանը: Տողանյանը կոչ է արել չկորցնել զգոնությունը, չտրվել սադրանքներին, քանի որ սա լավ կազմակերպված հայաֆոբ քաղաքականություն է, որը ներմուծվել է Ադրբեջանից:
«Դրա նպատակն է ավերել այն բալանսը, որը կա Ռուսաստանում: Սա կազմակերպված սադրանք է, որը սկսվել է առևտրի կետերում: Եթե քայլեր չձեռնարկվեն, լուրջ հետևանքներ են լինելու: Կա օրենք, որը պարտադիր է բոլորի համար»,-ասել է նա:
Տողանյանը կարծում է, որ ակցիայի հետ կապ ունեն ադրբեջանական իշխանությունները: «Կարծում եմ, որ այս ամենն առաջին հերթին կապ ունի Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ հռետորաբանության հետ, որը նկատելի է հատկապես վերջին շրջանում: Վերջին ամիսներին նրանք իրենց բնակչությանը պատրաստում էին պատերազմին՝ պնդելով, որ ԼՂ հակամարտության կարգավորման միակ միջոցը պատերազմն է: Այս հռետորաբանությունը նրանք արտահանել են նաև Ռուսաստան»,-ընդգծել է դեսպանը:
Հիշեցնենք, որ այս գիշեր Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ ագրեսիվ կերպով, կազմակերպված հարձակվել են տեղի մի շարք հայ բնակիչների վրա, ծեծի ենթարկել նրանց, հայհոյել, մեկ այլ խումբ էլ հարձակվել է հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա, փշրել ապակիները, ծեծի ենթարկել վարորդներին:

Կիսվել