Ինչպես դարձյալ փոխվեց Սուրբ Սոֆիայի քրիստոնեական տաճարի դեմքը

Ինչպես դարձյալ փոխվեց Սուրբ Սոֆիայի քրիստոնեական տաճարի դեմքը

1621

Դեռևս 2018 թվականի մարտի 31-ին Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարում արտասանել էր Ղուրանի առաջին տողը՝ իր խոսքով աղոթքը նվիրելով «նրանց, ովքեր այս աշխատանքը մեզ են թողել որպես ժառանգություն, հատկապես Ստամբուլի նվաճողին»: Սրա նպատակն էր ամրապնդել քաղաքական այն շարժումը, որը ցանկանում էր տաճարը կրկին վերածել մզկիթի։ 2019 թվականին TGRT հեռուստաալիքին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողի հարցին, թե կկարողանա՞ն արդյոք Թուրքիայի քաղաքացիներն անվճար այցելել Սուրբ Սոֆիայի տաճար, պատասխանել էր․ «Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը թանգարանից կարող է փոխվել մզկիթի մարտի 31-ի տեղական մարմինների ընտրություններից հետո։ Բոլոր դավանանքների զբոսաշրջիկներն այժմ կարող են անվճար մտնել Երկնագույն մզկիթ, որը գտնվում է հարեւանությամբ։ Սուրբ Սոֆիայի պարագայում կարելի է նույնն անել»։

Թեման ավելի բուռն քննարկումների արժանացավ, երբ արդեն 2020 թվականի մայիսի 29-ին՝ Կոնստանդնուպոլսի անկման հերթական տարելիցին, այդ տաճարում կայացել էր Ղուրանի ընթերցանություն: Դրանից հետո Էրդողանի առաջարկությամբ հարցը դրվել էր պետական խորհրդի քննարկմանը: Արդեն հուլիսի 10-ին Թուրքիայի բարձրագույն դատական մարմինը՝ պետական խորհուրդը, չեղարկել էր 1934 թվականի թուրքական կառավարության որոշումը, որի համաձայն Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի կարգավիճակ էր ստացել: Որոշման հրապարակումից մոտ մեկ ժամ անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր համապատասխան հրամանագիրը, ըստ որի Սուրբ Սոֆիայի տաճարի տնօրինումը հանձնվում է Կրոնական գործերի նախագահությանը և այն կվերաբացվի պաշտամունքի համար որպես մզկիթ:

Нет описания.

Լուրը միջազգային հանրության կողմից քննադատության էր արժանացել։ Հռոմի Ֆրանցիոկոս պապն ափսոսանք էր հայտնել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանության որոշման կապակցությամբ: Հուլիսի 12-ին Վատիկանում կայացած կիրակնօրյա պատարագից հետո դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին` կաթոլիկ եկեղեցու հովվապետն ասել էր, որ անձնական ցավ է ապրել՝ տեղեկանալով Անկարայի որոշման մասին: «Մտքերով Ստամբուլում եմ, մտածում եմ Սուրբ Սոֆիայի մասին և մեծ ցավ եմ զգում»,- ասել էր Ֆրանսիսկոս պապը։ Կոստանդնուպոլսի Հունաց Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Ա-ն արձագանքել էր դեռևս այն ժամանակ, երբ տաճարը մզկիթի վերածելու որոշումը չկար։ Նա հիշեցրել է, որ Հունաց պատրիարքարանը դեռ 2016 թվականին Կրոնական գործերի վարչությանը հղած նամակով մտահոգություն էր արտահայտել այս պատմական կառույցը որպես մզկիթ վերաբացելու ծրագրերի առնչությամբ:

«Ակօս» պարբերականի փոխանցմամբ, պատրիարքը Ֆերիքյոյի Տասներկու առաքելոց ուղղափառ եկեղեցում իր ելույթի ժամանակ մտավախություն էր հայտնել, թե «Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու քայլը աշխարհի միլիոնավոր քրիստոնյաներին իսլամի դեմ կտրամադրի»: Նա ընդգծել էր, որ հատկապես հիմա, երբ մարդկությունը համաճարակի դեմ է պայքարում, իրարից հեռանալու փոխարեն միասնության կարիք կա։ «Սուրբ Սոֆիան թանգարանի կարգավիճակով կարող է ծառայել որպես ժամանակակից աշխարհում չափազանց կարևոր քրիստոնեության և իսլամի փոխըմբռնման և համերաշխության, ժողովուրդների և մշակույթների հատման, երկխոսության և խաղաղության մեջ համակեցության խորհրդանիշ», – ասել էր Պոլսո Հունաց պատրիարքը:

Որոշումն ընդունվելուց առաջ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեո Թուրքիայի իշխանություններին կոչ էր արել պահպանել Սուրբ Սոֆիայի տաճարի թանգարանի կարգավիճակը: Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր հայտարարությունում ընդգծել է, որ 1500 տարվա հարուստ պատմություն ունեցող Սուրբ Սոֆիայի տաճարը գեղարվեստական և վարպետության հանճարեղ օրինակ է: Ըստ նրա՝ տաճարը թանգարանի կարգավիճակով հասանելի է դառնում ամբողջ մարդկությանը: «Մենք հուսով ենք շարունակել աշխատանքը Թուրքիայի կառավարության հետ փոխադարձ շահ ներկայացնող բազմաթիվ հարցերի շուրջ՝ ներառյալ կրոնական և մշակութային օբյեկտների պահպանությունը», – նշել էր Մայք Պոմպեո։

ՅՈւՆԵՍԿՕ-ն հիշեցրել էր, որ վեցերորդ դարում կառուցված Սուրբ Սոֆիան համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված է որպես թանգարան, և սա իրավական մի շարք պարտավորություններ է ենթադրում: Հունաստանի նախագահը, վարչապետը, արտաքին գործերի և մշակույթի նախարարները Թուրքիայի ղեկավարության որոշումը քաղաքակիրթ ողջ աշխարհին ուղղված սադրանք էին որակել և զգուշացրել հնարավոր հետևանքների մասին: Ռուս ուղղափառ եկեղեցու խոսնակը ցավով էր արձանագրել, որ այս քայլը ավելի կխորացնի հակասությունները կողմերի միջև: Եվրամիությունից ևս բացասական կարծիքներ էին հնչել: Օրինակ՝ Ավստրիայի ԱԳ նախարարը համոզմունք էր հայտնել, թե այս որոշումը Թուրքիային հեռացնում է Եվրոպայից։
Միջազգային հանրության բոլոր կոչերից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անտեսելով ամեն ինչ, միջազգային հանրությանը կոչ արեց հարգանքով վերաբերվել իրենց որոշմանը:

Մեկ շաբաթ Էրդողանը հանձնարարել էր ուսումնասիրել Սոֆիան մզկիթի վերածելու հնարավորությունը: Ավելին՝ նախագահն անձամբ էր այցելել Սուրբ Սոֆիայի տաճար, որպեսզի վերահսկեր, թե ինչպես էին ընթանում տաճարը մզկիթի վերածելու գործընթացը։ Ինչպես որոշվել էր, առաջին ուրբաթօրյա նամազը այստեղ կայացավ այսօր՝ հուլիսի 24-ին: Նամազին մասնակցել է նաև Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նամազի ընթացքում քրիստոնեական խճանկարներն ու որմնանկարները վարագույրներով են ծածկվել:

Հիշեցնենք, որ Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է մ.թ․ա․ 537 թվականին Հուստինիանոս կայսեր կարգադրությամբ, ով որոշել էր հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը, ինչպես այն ժամանակ անվանվում էր Բոսֆորի ափերին գտնվող այդ քաղաքը։ Տաճարը հայտնի է հատկապես իր յուրօրինակ գմբեթով: Այն աշխարհի ամենամեծ կառույցներից է եղել և համարվում է ճարտարապետության գլուխգործոց: Դրա ճարտարապետական յուրահատկությունն այն է, որ պատրաստված է փոքրիկ կերամիկական կտորների և ավազի համակցությամբ, մի եղանակ, որը համարժեք է ժամանակակից բետոնին։ Ավանդապատման համաձայն՝ տաճարի կառուցման պլանը Հուստինիանոսին երազում տվել էր հրեշտակը։ Կայսրը երազում էր, որպեսզի տաճարն աշխարհում հավասարը չունենար, և անգամ նախատեսում էր դրա հատակը ոսկե սալիկներից կառուցել։ Իր ստեղծման օրվանից մինչև 1453 թվականը այն եղել է Արևելյան ուղղափառ տաճար և հանդիսացել է Կ. Պոլսի տիեզերական պատրիարքի նստավայրը։ 1935 թվականից այն դարձել էր թարգարան, ներկայումս այն կրկին ստացել է մզկիթի կարգավիճակ։

Հեղինակ՝ Անի Մարտիրոսյան

Կիսվել