Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում կարևոր ու ողջունելի է շեշտադրումներ է արել.
《Անվիճելի փաստ է, որ Արցախի և Հայաստանի Հանրապետությունները մեկ միասնական հայրենիքի անբաժանելի մասերն են, և մեկընդմիշտ կանգնած են թև-թիկունքի արտաքին մարտահրավերներին դիմակայելու գործում: Մենք պարտավոր ենք անընդհատ բարձրացնել մեր համագործակցության ու ջանքերի ներդաշնակեցման մակարդակը բոլոր հնարավոր ոլորտներում, որտեղ հայ ժողովրդի անվտանգության պատշաճ ապահովումը իր առաջնահերթ տեղն ունի: Այդ համատեքստում ադրբեջանական վերջին ագրեսիան, պետական ահաբեկչության սպառնալիքները և այդ երկրում դրսևորված հայատյացության ու պատերազմական հռետորաբանության լայնածավալ դեպքերը լրացուցիչ անգամ վերահաստատում են, որ մենք պարզապես այլընտրանք չունենք՝ պարտավոր ենք առավելագույն արդյունավետությամբ մշտապես բարելավել Հայրենիքի պաշտպանունակության աստիճանը: Միայն այդ միջոցով մեզ կհաջողվի ցրել թուրք-ադրբեջանական երազները հայ ժողովրդին կրկին ցեղասպանելու և հայրենազրկելու շուրջ՝ ստիպելով կառուցողական կերպով մտնել հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի անայլընտրանք հունը》,-գրել է ԱՀ նախագահը:
Արցախի նախագահն ընդգծել է, որ իրենց գլխավոր խնդիրն է աշխատել ոչ միայն Հայրենիքի ռազմական պաշտպանունակության բարելավման, այլև ռազմավարական դիմադրողականության հետևողական բարձրացման ուղղությամբ բոլոր բնագավառներում՝ սոցիալ-տնտեսականից ու միջազգային հարաբերություններից մինչև պետական կառավարում ու կրթական համակարգ:
《Արցախի Հանրապետության իշխանությունները վճռական են այդ հարցում՝ պատրաստակամ լինելով այդ նպատակներին հասնելու համար առավելագույնս սերտորեն համագործակցել Մայր Հայաստանի իշխանությունների, հայ ժողովրդի բոլոր ուժերի, ինչպես նաև այլ պետությունների ու ժողովուրդների առողջ ու կարող բոլոր շրջանակների հետ》,-շեշտել է Արայիկ Հարությունյանը։