Արդեն մի քանի օր է՝ դրական միավորներ հավաքած, բայց բուհեր չընդունված դիմորդները, նրանց ծնողները բողոքի ակցիա են անում՝ ասելով, որ կրթություն ստանալն իրենց իրավունքն է: Այսօր ԿԳՄՍ նախարարության դիմաց կրկին շարունակվում էր ակցիան: Ցուցարարները պահանջել են հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ, սակայն հանդիպումը չկայանալու պատճառով դիմորդները և ծնողները փակել են Վազգեն Սարգսյան և Խորենացի խաչմերուկը, որի հետևանքով եղել են բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև. 2 անձ բերման է ենթարկվել, սակայն որոշ ժամանակ անց ազատվել են:
Խնդրի հետքերով.
Բանն այն է, որ այս տարի բուհերի ընդունելության կարգում եղել են արմատական փոփոխություններ: Բացի այն, որ մեկ միասնական քննություն են հանձնել դիմորդները, այս տարի գործել է նաև առաջին հայտի գերակայության սկզբունքը: Մայիսի 21-ին Կառավարության նիստում Արայիկ Հարությունյանն ասաց , որ դիմորդը պետք է կարևորություն տա մասնագիտական ընտրությանը, և մրցույթի ժամանակ առաջին հայտը պիտի լինի գերակա.
«Դիցուք՝ եթե ուսանողը դիմել է արվեստաբանության ֆակուլտետ՝ մասնագիտություն ստանալու, ապա մրցույթի ժամանակ մյուսների հետ համեմատ նա ունենալու է գերակայություն»,- ասել էր նախարարը:
Դիանա Իկիլիկյանն այս տարի առաջին հայտով դիմել է ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետ, կենսաբանություն առարկայի միասնական քննությունից ստացել է 14.75 միավոր, որը չի բավարարել իր առաջին հայտով նշած բաժինն ընդունվելուն: Դիանան չի ընդունվել նաև իր երկրորդ և երրորդ հայտերով, քանի որ տվյալ բաժիններում տեղերը լրացած են եղել:
«12 միավորով լրացել են ստոմատոլոգիական ֆակուլտետի տեղերը, 7.5 միավորներով էլ լրացել են դեղագիտական ֆակուլտետի տեղերը»,- նշեց դիմորդի ծնողը՝ Էմիլյա Դավթյանը: Արդյունքում՝ Դիանա Իկիլիկյանը չի ընդունվել բուհ:
Ծնողը վրդովված նշում է, որ առաջին հայտի գերակայության մասին կետը նշված է եղել ընդունելության կարգի 58-րդ կետով.
«Սկզբից անիմաստ տեղեկություն էր գրված, որը նման լարված պահին անհնար էր կարդալը, իսկ այդ կետը վերջում էր՝ 58-րդը: Ոնց որ բանկի պայմանագիրը, ո՞վ է կարդում մինչև վերջ»,- նշեց ծնողը: Նա ասաց, որ տեսահոլովակի մեջ, որտեղ բացատրվում էր առցանց դիմում-հայտ լրացնելու ձևը, ոչինչ չի ասվում այս մասին:
Ի պատասխան այս պնդումների՝ նախարարությունից հայտարարում են, որ դիմորդը նշել է «Ես ծանոթ եմ ընդունելության կարգին» կոճակը, որտեղ այս մասին գրված է եղել, բացի այդ՝ նախարարությունն ասում է, որ պատշաճ իրազեկում կազմակերպվել է իրենց կողմից:
Մի քանի օր տևած բողոքի ակցիաներից հետո ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը հանդիպեց ակցիայի մասնակիցների հետ, որից հետո ԿԳՄՍ-ն հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ դրական միավորներ հավաքած, բայց բուհեր չընդունված ուսանողները ընդունելության լրացուցիչ փուլին մասնակցելու հնարավորությունից բացի, կկարողանան դիմել բուհերի հեռակա համակարգում սովորելու՝ առանց քննության: Ըստ նախարարության՝ դրական միավորներով չընդունված շուրջ 739 դիմորդից 550-ը դիմել է ընդունելության լրացուցիչ փուլին, որն անցկացվում է ըստ առկա համակարգի թափուր տեղերի:
Դրական միավորներով բուհեր չընդունված ուսանողների մեջ եղել են նաև այնպիսիք, որոնք ստացել են 18 և բարձր միավորներ: Գերազանց միավորներ ստացած այդ դիմորդներին, որոնք 6-ն են, առաջարկվել է իրենց դիմում- հայտերի հաջորդ կրթական ծրագրերին համապատասխան լուծումներ նախարարության կողմից: Դիմորդներից 4-ը համաձայնել են:
Իսկ մնացած դիմորդներին, ովքեր մրցույթից դուրս են մնացել և լրցուցիչ փուլին էլ չեն դիմել, նախարարությունն իր այսօրվա հայտարարությունով առաջարկում է դիմել հեռակա ուսուցման համակարգ:
Մեր հերոսի՝ Դիանա Իկիլիկյանի ծնողը մեզ հայտնեց՝ քանի որ ԵՊԲՀ-ում հեռակա կրթություն չկա, լրացուցիչ փուլով դիմել են երկու ոչ պետական բուհեր.
«Բայց ես չեմ ուզում, որ իմ երեխան ոչ պետական հաստատությունում սովորելու պիտակն ունենա, բացի այդ՝ ԵՊԲՀ-ի կրթական որակն ավելի բարձր է»,- ասաց Էմիլյա Դավթյանը: Նա նշեց, որ պայքարելու են մինչև վերջ, որ նախարարությունը լրացուցիչ տեղեր ավելացնի դիմորդների համար:
Բողոքի ակցիաները շարունակվում են, նախարարությունն այլ հայտարարությամբ դեռևս հանդես չի եկել՝ կապված այս խնդրի հետ:
Իսկ թե արդյոք ԿԳՄՍ-ն պատրաստվում է գալիք տարվա ընդունելության կարգի մեջ փոփոխություններ մտցնել՝ նման խնդիրներ չառաջանալու համար, նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը մեզ ասաց, որ եկող տարվա համար հստակ ասելը ճիշտ չի լինի.
«Բայց մոտեցումն այն է, որ շրջանավարտները, դիմորդները պետք է կատարեն իրենց մասնագիտական ընտրությունը և այդպիսով դիմեն բուհ»,- պարզաբանեց Օֆելյա Կամավոսյանը:
Հեղինակ՝ Լուսինե Հակոբյան