Իսրայելը պետք է դադարեցնի զենքի վաճառքի մահաբեր բիզնեսը Ադրբեջանի հետ․ Զոհրաբ Մնացականյան

Իսրայելը պետք է դադարեցնի զենքի վաճառքի մահաբեր բիզնեսը Ադրբեջանի հետ․ Զոհրաբ Մնացականյան

452

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը իսրայելական The Jerusalem Post պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ իսրայելական զենքերն Ադրբեջանն օգտագործում է ՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները։
ՀՀ արտգործնախարարի խոսքով՝ չնայած վերջին տարիներին հայ-իսրայելական հարաբերությունները բարելավվել են, Իսրայելը շարունակում է Ադրբեջանին զենք մատակարարել, ինչը կարևոր հարց է երկու երկրների հարաբերություններում։
«Սպառազինության առևտուրն Ադրբեջանի հետ մահացու է, որովեհետև Ադրբեջանը երբեք չի երկմտի այդ զենքերն օգտագործել քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների դեմ։ Մենք հետևողականորեն զբաղվում ենք այդ հարցով, այն միշտ կլինի մեր երկկողմ ու բազմակողմ օրակարգի մասը։ Իսրայելը պիտի դադարեցնի այս մահաբեր բիզնեսը Ադրբեջանի հետ»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը։
Անդրադառնալով հայկական ԶՈՒ-ի կողմից իսրայելական արտադրության անօդաչու սարքերի խոցմանը՝ Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ Հայաստանը գործում է՝ հաշվի չառնելով, թե որ երկրից են զենքերը։
«Մեզ համար այս զենքերը մահաբեր են, քանի որ դրանք սպանում են մեր ժողովրդին։ Մեր զինված ուժերը չեզոքացրել են ադրբեջանական զենքերը անկախ դրանց ծագման երկրից։ Ադրբեջանի կողմից զենքի ստացման ու քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների դեմ օգտագործման փաստերը Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում բազմաթիվ են և հուլիսյան դեպքերն էլ դրա լրացուցիչ ապացույցն են»,- ասել է ԱԳՆ նախարարը։

Կիսվել