Եթե նախարարությունը վերջին պահին քննությունների թիվ ու ձև էր փոխում, ապա պիտի...

Եթե նախարարությունը վերջին պահին քննությունների թիվ ու ձև էր փոխում, ապա պիտի նաև պահուստային քայլեր ունենար. կրթության փորձագետ

647

«Հիմնական խնդիրն այն էր, որ այս տարի պետք չէր նման փոփոխություն իրականացնել, քանի որ երկիրն արտակարգ իրավիճակում էր, և նաև նախարարությունը որոշել էր ընդունելության քննությունների թիվը դարձնել մեկը»,- Journalist.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ անդրադառնալով դրական միավորներ ստացած, բայց բուհեր չընդունված դիմորդների խնդրին:

Փորձագետի խոսքով՝ սա նշանակում էր, որ մրցույթը խիստ էր լինելու։ Եվ օրինակ՝ դիմորդն, ով դիմելու էր քաղաքագիտության բաժին, մտածեց՝ ինչի չփորձեմ իրավագիտություն, որտեղ նախկինում երեք քննությամբ էին ընդունվում։ Ըստ նրա՝ հենց այս պատճառով էլ դիմորդների ահռելի թիվ ունեցանք ԵՊՀ-ի իրավագիտություն մասնագիտությամբ։ Եվ 500 հոգի դիմեց 140 տեղի համար։
«Երբ որ նախարարությունը տեսավ այս ցուցանիշը, նրանք ենթադրություն պիտի անեին, որ այդ 500 դիմորդների մեծ մասը շատ պատրաստված է լինելու, և նրանք պետք է մտածեին այն մասին, թե ինչ ենք անելու, եթե մեծ թվով դիմորդներ բարձր միավորներ ստանան»,- նշեց Սերոբ Խաչատրյանը։

Փորձագետն ասում է, որ եթե լիներ սովորական տարի, մենք խնդիր չէինք ունենա, կլիներ 3 քննություն, և նման բարձր արդյունք չէր լինի։ Եթե նախարարությունը վերջին պահին քննությունների թիվ ու ձև էր փոխում, ապա պիտի նաև պահուստային քայլեր ունենար։ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ այսօրվա խնդիրն այն չէ, որ նախարարությունը կարգը փոխել է և չի իրազեկել.
«Իրազեկել է նախարարությունը, իհարկե, ավելի լավ կարող էր իրազեկել, օրինակ՝ սոցիալական հոլովակներով, կարող էին նաև դիմորդների համար հաղորդաշար անել»,-ասում է Սերոբ Խաչատրյանը։
Ըստ փորձագետի՝ այսօրվա հիմնական խնդիրն այն է, որ հայոց պատմությունից շատ բարձր են թվանշանները, և դա ինչու՞ է այդպես։ «Խնդիրը հենց այս է, որ եթե երեխան ստացել է 18.75, 18.5 միավորներ, այդ երեխայի բողոքն արդար է, որովհետև 18, 19, 20 միավորները պայմանական համարվում են գերազանց »,- ասում է փորձագետը։

Ըստ նրա՝ նորմալ է, երբ 17, 16 միավորներ է ստացել դիմորդն ու չի ընդունվել առաջին հայտով, բայց գերազանց ստացող երեխան ինչու՞ չպիտի ընդունվի առաջին հայտով, և նախարարությունը հենց այս հաշվարկը պիտի ունենար և պատրաստ լիներ պահուստային տեղեր ունենալուն։ Սերոբ Խաչատրյանն ասում է, որ արդեն ստեղծված իրավիճակում քայլ անելը դժվար է, և հետքայլ հնարավոր չէ, քանի որ տեղերը հաստատվել են, բուհերը պետք է պատրաստ լինեն, կառավարության որոշում է պետք, հնարավոր չեն լրացուցիչ տեղեր բացել, նոր մրցույթ անել։
«Այս իրավիճակում մնում է միայն հեռակա ընդունվել առաջարկելու տարբերակը։ Բայց եթե մարդն ուզում է ավելի լուրջ կրթություն ստանալ, ստացիոնարն ավելի լավ է»,-ասում է փորձագետը և նշում, որ 18,75 ստացած երեխան միանշանակ ցանկանում է լուրջ կրթություն ստանալ, և հեռակա կրթությունն իր համար չէ։

Սերոբ Խաչատրյանը նշեց, որ երբ ասում են, թե երեխան միշտ երազել է այդ մասնագիտությունն ընտրել և դրա համար է առաջին հայտով նշել, միանշանակ չէ, և մենք ինչ գիտենք՝ երեխան երազել է ընդունվել այդտեղ, թե հաշվարկել է, որ այս տարի հեշտ է այդտեղ ընդունվելը։Փորձագետն ընդունելության քննությունների համար առանձնացնում է երկու կարևոր գործոն.
«Առաջին գործոնը թվանշանն է, մյուսը՝ մասնագիտության ընտրությունը։ Եվ նախարարությունն այս տարի հայտարարում է, որ մասնագիտության ընտրությունն է շատ կարևոր, բայց ես կարող եմ ասել, որ թվանշանն էլ պակաս կարևոր չէ»,- ասաց փորձագետը և օրնակ բերեց, որ եթե երեխան ամբողջ կյանքը երազել է դառնա կենսաբան և 7,5 միավոր է ստացել կենսաբանությունից ու ընդունվել օրինակ՝ ԵՊՀ կենսաբանության բաժին, այդքան էլ լավ չէ, և կենսաբան դառնալ երազող երեխան իրավունք չունի կենսաբանությունից ստանալ 7,5 միավոր։ «Իհարկե, այլ խնդիր է, եթե երեխան անապահով ընտանիքից է և ինքնուրույն պարապելով 7.5, 10 միավորներ է ստացել»,-նշեց փորձագետը։

Նա կարծում է, որ նախարարությունը պարտավոր է եկող տարվա ընթացքում փոփոխություններ անել, որովհետև քննության այս համակարգը լավը չէ։ Նա ասում է, որ ընդունելությունը պետք է իրականացնի բուհը, և միջազգային օրենքներով՝ բուհը պետք է ունենա ինքնավարություն՝ ընտրելու իր ուսանողներին։ «Մեզ մոտ բուհը չի որոշում, բուհին ԳԹԿ-ն տալիս է ցուցակ, որ օրինակ՝ իրավագիտության ֆակուլտետում 150 հոգի ընդունել ենք, և բուհն այդ գործընթացին ոչ մի ձևով չի մասնակցում»,- ասում է Սերոբ Խաչատրյանը։
Փորձագետի խոսքով՝ երբ բուհը սահմանի չափանիշներ, որ օրինակ՝ իրավագիտության ֆակուլտետում ընդունում եմ այն դիմորդներին, ովքեր ստացել են 18 և ավել միավորներ, դիմորդը, գիտենալով, որ այդ 18-ը չի ատանալու, չի դիմի այնտեղ, իսկ դիմելու և չընդունվելու դեպքում էլ կմեղադրի միայն իրեն, որ չի հաղթահարել 18-ի շեմը։

Հեղինակ՝ Լուսինե Հակոբյան

Կիսվել