Պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ասել է, որ հայտնի է, որ օգոստոսի 12-ին երկրում ավարտվում է արտակարգ դրության իրավական ռեժիմը, ներկա դրությամբ ռեժիմի երկարաձգման կամ արտակարգ իրավիճակով համավարակի կառավարմանն անցնելու տարբերակները քննարկվում են և կախված են նրանից, թե ինչպիսին կլինի համաճարակաբանական պատկերն առաջիկայում։
«Դեռևս մեծ անորոշություն է նաև երկրորդ պոտենցյալ ալիքի հետ կապված խնդիրը։ Այս առնչությամբ պետք է նշեմ, որ պարետատունը, հիմնվելով անցած ամիսների կուտակված փորձի և քաղած դասերի վրա, մշակում է համավարակի կառավարման պլան, որը ուղենիշային կլինի կառավարության գործողությունների համար»,- ասել է Ավինյանը։
Ըստ նրա՝ կառավարման պլանի ողջ տրամաբանությունը լինելու է այն, որ պետք է սովորենք ապրել և աշխատել կորոնավիրուսի համավարակի պայմաններում, անվտանգության և համակեցության կանոնների որդեգրմամբ, որպեսզի ավելի արագ հնարավոր լինի լիարժեք վերադառնալ նորմալ կյանքի։
«Շատ կարևոր է, որ տնտեսվարողները կարողանան ավելի պատրաստված լինել և արագ ադապտացվել իրավիճակի փոփոխություններին, ինչպես նաև հենց իրենք ձեռնարկեն վարակի տարածման ռիսկերը նվազեցնելու գործողություններ։ Կառավարման ծրագրի շրջանակներում համավարակի կառավարմանն ուղղված գործողությունները քաղաքացիների և բիզնեսի համար առավել ընկալելի դարձնելու նպատակով առաջիկայում կհրապարակենք պարզ ուղեցույց, թե համաճարակաբանական կոնկրետ իրավիճակում ինչպիսի՞ն է լինելու պետության արձագանքը։ Կհրապարակենք մանրամասն ուղեցույցներ գրադարանների, թանգարանների, համերգների և թատրոնների վերաբացման վերաբերյալ։ Ներկայումս իրականացվում են վերաբացման համար նախատեսված պայման հանդիսացող կանոնները, և հստակեցվում են ժամկետները։ Այս ոլորտների սահմանափակումների մեղմացումը ոչ միայն պայմանավորված է կորոնավիրուսի հետ ապրելու տրամաբանությամբ, այլև այն համոզմամբ որ մշակույթն ու արվեստը ևս կօգնեն մեզ մի փոքր ավելի հեշտ հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված սոցիալ-հոգեբանական կուտակված լարվածությունը»,- նշել է Տիգրան Ավինյանը։
Հաշվի առնելով համաճարակաբանական առումով ներկայումս համեմատաբար կայուն իրավիճակը՝ պարետը նշել է, որ իրենք քննարկում են սահմանափակված մի շարք ոլորտները բացելու հնարավորությունը և դրանց հետ կապված կանոնները։
«2020-2021 թվականի ուսումնական տարվան ընդառաջ՝ մշակման փուլում են կրթական ոլորտի՝ այդ թվում մանկապարտեզների, դպրոցների, միջին մասնագիտական հաստատությունների, բուհերի և ոչ ֆորմալ կրթության մասով կառավարման պլանները։ Սրանց միջոցով պարզ կդառնա, թե երկրում համաճարակային տարբեր իրավիճակներում ինչպե՞ս և ի՞նչ մոդելով պետք է գործի կրթական բնագավառը և ինչպիսի՞ առանձին կանոններ պետք է որդեգրվեն և պահպանվեն տարբեր կրթական հաստատությունների կողմից»,- հայտնել է Ավինյանը։