Louis Vuitton-ը սկսեց կարել բժշկական դիմակներ, Balenciaga-ն և Yves Saint Laurent-ը գրեթե երեք միլիոն բժշկական դիմակներ բաժանեցին ֆրանսիական հիվանդանոցներին:
Իտալական Vogue-ը հրապարակեց ամբողջությամբ սպիտակ շապիկով ամսագիր , որպես ամեն ինչ նոր էջից սկսելու խորհրդանիշ, Burberry-ն սկսեց միանգամայն անվճար կարել միայն բժշկական հագուստ և դիմակ:
Christian Dior, Guerlain և Givenchy. թանկարժեք օծանելիքների և դիզայներական հագուստի փոխարեն նորաձևության խոշորագույն անունները սկսեցին զանգվածաբար արտադրել բժշկական համազգեստ և ախտահանիչ նյութեր:
Prada-ն Իտալիայի Պերուջա նահանգի իր գործարանում սկսեց կարել 80.000 կտոր հագուստ և 110.000 բժշկական դիմակներ բժիշկների և բուժքույրերի համար: Այս շարքը կարելի է անդադար թվարկել, քանի որ նորաձևության բազմաթիվ տներ և խոշոր կազմակերպություններ միլիոնավոր եվրոներ են տրամադրել համաճարակին դիմակայելու բարդ գործի լուծմանը:
Այն մասին, թե ինչպես է փոխվել և դեռ կփոխվի նորաձևության արդյունաբերությունը 2020 թվականին, փաստում են նորաձևության տարբեր ներկայացուցիչներ, լրագրողներ, բլոգերներ: Նորաձևության արդյունաբերության համար այս տարին բացահայտ անհաջողություններով սկսեց և հանգեցրեց բացահայտ կորուստների: Հագուստի գնումները կայծակնային արագությամբ տեղափոխվեցին առցանց հարթակներ և նորաձևությունը սկսեց խոսել համաճարակի լեզվով՝ առաջարկելով հարմարավետ հագուստներ տանը կրելու համար:
Համաճարակը հասավ Իտալիա հենց Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում: Նորաձևության աշխարհի ամենաազդեցիկ և կարևոր իրադարձություններից մեկի ժամանակ:
Դիզայներ Ջորջիո Արմանին ցուցադրեց իր հավաքածուն ամբողջությամբ դատարկ դահլիճում:
Gucci-ն, Prada-ն, Burberry-ն չեղյալ համարեցին իրենց միջսեզոնային բոլոր ցուցադրությունները: Կարճ ժամանակահատվածում տարբերվող, շքեղ ցուցադրությունները հատուկ մտածված դիզայնով դահլիճներից տեղափոխվեցին առցացն տիրույթ՝ ուղղակի վաճառք ապահովելու նպատակով:
Համաճարակն արտակարգ իրավիճակների ֆոնին հերթական անգամ ապացուցեց մանրածախ խանութների խոցելիությունը: Սպորտային ապրանքանիշ Nike-ը փակեց ԱՄՆ-ում և շատ այլ երկրներում գտնվող բոլոր խանութները, արագ նորաձևության հսկա H&M-ի վաճառքն ընկավ գրեթե 50 տոկոսով, Debenhams-ը և այլ ապրանքանիշեր հայտարարեցին իրենց անվճարունակության մասին:
Աստիճանաբար ամսագրերի շապիկներին մոդելների լուսանկարներին սկսեցին փոխարինել բժիշկներինը, ովքեր անմիջապես պայքարում էին Covid 19-ի դեմ:
Համաճարակը հարվածեց հատկապես մոդելներին, ոճաբաններին, լուսանկարիչներին և նորաձևության արդյունաբերության այնպիսի ներկայացուցիչների, որոնց աշխատանքը հիմնականում պայմանագրային էր՝ ոչ մշտական:
Այո՜, դեռ մի քանի տարի կպահանջվի, որպեսզի նորաձևության արդյունաբերությունն անցնի իր բնականոն գործունեությանը և ուշքի գա այս պարբերական հարվածներից, սակայն մարդիկ կրկին կսկսեն նոր գնումներ կատարել, քանի որ հագուստ չեն գնում միայն կրելու ոչինչ չունենալու պատճառով: Այն իրականում զվարճանքի մի տեսակ է, որի կարիքն այսօր շատ ունեն մարդիկ:
Հեղինակ՝ Արուս Միրզոյան