ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԵՐԳՉՈՒՀԻ ՀԱՍՄԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ-ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆԻ ՀԵՏ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԵՐԳՉՈՒՀԻ ՀԱՍՄԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ-ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆԻ ՀԵՏ

3705

-Ո՞րն էր այն գլխավոր մոտիվացիան, որ ձեզ մղեց դեպի հոգևոր երաժշտություն:

-Մոտիվացիան հենց ինքը կյանքն էր: Հատուկ ընտրություն սկզբից չկար, բայց քանի որ բնույթով և ձայնային հնարավորություններով կամերային երգչուհի եմ, դա ինձ շատ ավելի լայն հնարավորություն է տալիս օգտագործելու ձայնային տվյալներիս բոլոր նյուանսները: Հոգևոր երաժշտության տիրույթում ես ինձ շատ լավ զգացի: Բացի այդ, մայրիկիս հարազատները եղել են հոգևորականներ, հայրիկինս` երաժիշտներ: Փաստորեն խաչմերուկում հայտնվեցի ես:

-Ըստ ձեզ՝ պետք է մարդուն հասունության որոշակի աստիճան, որպեսզի նախ կարողանա ընկալել հոգևոր երաժշտությունը, հետո նաև մատուցել այն:

-Սկզբում հնարավոր է, որ լինի ուղղակի շատ գեղեցիկ կատարում, բայց տարիների ընթացքում դա այնքան է քոնը դառնում, որ ձեռք է բերում յուրովի մատուցման տարբերակ և դու ուղղակի աչքերդ փակ աղոթք ես անում և  այն հասնում է հասցեատիրոջը: Երբ որ դու ճիշտ ձևով ես մատուցում, այդ աղոթքին միանում են նաև մարդիկ:

Հյուրախաղերով տարբեր երկրներում եք լինում, կհիշե՞ք որոևէ հետաքրքիր, տպավորիչ դեպք այդ օրերից:

Շատ տարիներ առաջ Միլանում համերգի ժամանակ առաջին շարքում մի շատ հետաքրքիր մարդ էր նստած, հոգևորական էր:  Համերգի ավարտից հետո ես իր ձայնն եմ լսում. «որտե՞ղ է այդ աղջիկը, որտե՞ղ», մոտեցավ ինձ, սկսեց դեմքս շոշափել,առաջին պահին սարսափեցի հետո հասկացա, որ կույր է, շոշափեց ասաց՝ այ ես հիմա հասկացա՝ հրեշտակն ինչպես է լինում: Այդ պահը ինձ վրա շատ մեծ ազդեցություն թողեց, իսկապես շատ տպավորված էի:

-Մի անգամ ասել եք, թե Ձեզ շատ դաժան կոմպլիմենտ են արել՝ ասելով՝ եթե դուք ծնված լինեիք Սովետական միության տարներին, կլինեիք շատ հայտնի երգչուհի: Ինչո՞ւ եք սա դաժան կոմպլիմենտ համարում և ճշմարտության հատիկ չե՞ք տեսնում սրա մեջ:

Հասկանալով, որ արժեքային համակարգը սարսափելի խախտված է բոլոր ոլորտներում՝ միշտ ասում եմ՝ ես շատ լայն ճանաչում ունեմ շատ նեղ շրջանակներում: Չեմ կարծում, որ այսօր մասսայական կարող է լինել հոգևոր երաժշտությունը կամ Կոմիտաս լսելը, իսկ այն տարիներին կար դրա կարիքը և շատ էր հովանավորվում, այսօր արդեն միայն անհատների ուսերին է նմանատիպ արժեքների պրոպագանդան:

-Կխնդրեի անդրադառնայիք «Լույս» կվինտետին: Ինչպե՞ս եղավ, որ այն դարձավ Ձեր կյաքի անբաժան ուղեկիցը:

-«Լույս»-ը իսկապես իմ կյանքի կարևորագուն էջերից է: Տարիներ առաջ մենք խմբով երգում էինք Գեղարդավանքում, հետո այդ խումբը լուծարվեց, իսկ մենք հինգ աղջիկներով որոշեցինք իրարից չբաժանվել և ձևավորեցինք մեր հնգյակը: Արդեն 14 տարի մենք միասին ենք երգում:  Մեր անցած ճանապարհն էլ շատ բուռն, շատ հետաքրքիր է եղել՝ բազմաթիվ հյուրախաղեր, համերգներ, ձայնագրություններ:

-Դուք համագործակցություն ունեցել եք տարբեր կոմպոզիտորների հետ: Կար նրանց մեջ ամերիկահայ մի կոմպոզիտոր, ում անունը Ջոն Հոդիյան էր: Ինչպե՞ս սկսվեց և ի՞նչ ընթացք ունեցավ համագործակցությունը:

Ջոնը Ամերիկայում ծնված հայ է, ում տատիկն ու պապիկը Ցեղասպանությունից փրկվածներից էին: Մի օր առիթ է ունենում վերջապես Հայաստան գալու, գալիս է Գեղարդ, որտեղ մենք այդ ժամանակ  երգելիս ենք լինում: Մոտենում է, ծանոթանում ենք, ու առաջարկում է համագործակցել: Մի քանի տարի փնտրում է իմ ձային համապատասխան ստեղծագործություն, հետո վերադառնում է և միջնադարյան վանականի՝ Մկրտիչ Նաղաշի բանաստեղծությունների հիման վրա էլ առաջարկում է ձայնագրվել: Համագործակցությունը ընդլայնեց իր սահմանները, ձևավորվեց «Նաղաշ» համույթը: Հրավերներ ունենում ենք տարբեր երկրներց, սակայն Ջոնը ոչ բոլոր հրավերներն է ընդունում: Մասնակցում ենք յուրահատուկ փառատոնների:

 

 

Հերմինե Ղարիբյան

3-րդ կուրս

Կիսվել