Իմ կյանքում երկրորդ երկրաշարժն ապրեցի այսօր. պայթյունի բեյրութահայ ականատես. ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅ

Իմ կյանքում երկրորդ երկրաշարժն ապրեցի այսօր. պայթյունի բեյրութահայ ականատես. ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅ

1606

«Ես Բեյրութում եմ ապրում, գյումրեցի եմ, իմ կյանքում երկրորդ երկրաշարժն ապրեցի այսօր»,- ասում է Բեյրութի պայթյունի ականատես Մարինե Մուրադյանը։ Լենինականի երկրաշարժն ապրած Մարինեն ասում է, որ պայթյունի ժամանակ խանութում է եղել, երբ բոլորը սառել են, ինքը վերհիշել է երկրաշարժը և կարծելով, որ այն կրկնվում է՝ սկսել է այս ու այն կողմ վազել, բղավել, որ երկրաշարժ է.
«Ամեն մարդ սառած էր, և երկար տևեց, ճիշտ 88-ի պես, 2 անգամ նույն մարդկանց քաոսը, վազքը դեպի դուրս, բայց իմ զգացմունքները վստահ եմ՝ ավելի արթուն եւ զգոն էին, քանի որ իմ 2-րդ փորձառությունն էր»,-նշում է Մարինե Մուրադյանը։
Ասում է՝ մտածել է վազել դուրս, բաց տարածք, բայց դրսում էլ իրարանցում է եղել.
«Չգիտեմ՝ որքանով էր գիտակցությունս տեղը, բայց տուն հասնելուց հետո վերհիշում եմ՝ շատ մարդկանց հրելով՝ ես ստիպում էի դուրս նետել ինձ հետ, քանի որ մտածում էի՝ դրսում բաց տարածք է, բայց դրսում էլ իրարանցում էր, ոչ մեկ չգիտեր՝ ինչ է կատարվում»,-ասում է Մարինեն։
Նրա խոսքով՝ պայթյունը շատ մոտ է եղել հայկական Բուրջ Համուդ թաղամասին։
«Հայկական թաղամասում շատ վիրավորներ կան, բայց բարեբախտաբար, զոհերը շատ չեն»,-նշում է նա։
Բեյրութահայ Մարինեն պատմում է, որ տուն գնալու ճանապարհին գետնին ամբողջությամբ ապակիներ են եղել.
«Ինձ թվում է՝ շատերը ապակիներից վիրավորվեցին։ Իմ տուն գալու ճանապարհն ապակիներով ողողված Էր։ Ճանապարհին պայթունից տեղյակ չէի, զարմանում էի՝ ինչպես այսքան ապակի»,-ասում է Մարինե Մուրադյանը։

https://www.facebook.com/100009848087773/videos/1328201380851452
Բուրջ Համուդ թաղամասի Արաքս փողոցը


Հետո ճանապարհին սկսել է վերլուծել.
«Շատ նման էր երկրաշարժին, բայց բարձրահարկ շենքերի մոտով անցնելիս շենքերի ապակյա պատշգամբներն էին փողոցում թափված»,-պատմում է նա։
Մարինե Մուրադյանը վերջում նշեց, որ իր համար այս պահին ամենակարևորը կրակը մարելն է.
«Հիմա շատ հոգնած եմ և կրակմարի զգացողություն եմ ապրում, կրակը մարելն է ինձ համար կարևոր»,-եզրափակեց բեյրութահայ Մարինե Մուրադյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 4-ին, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում որոտացել են երկու ուժեղ պայթյուններ, որոնց հետևանքով, այս պահի դրությամբ՝ զոհվել է 100-ից ավել մարդ: Իսկ վիրավորների թիվը մոտ 4000 է։ Տուժել են նաև հայկական թաղամասեր: Այս պահի տվյալներով՝ հայ զոհերի թիվը հասնում է 6-ի, վիրավորներինը՝ 100-ի:

Հեղինակ՝ Լուսինե Հակոբյան

Կիսվել