Այս պահի դրությամբ ունենք ակտիվ վարակակիրների 50-100 նվազ դեպք, կորոնավիրուսով զբաղվող 15...

Այս պահի դրությամբ ունենք ակտիվ վարակակիրների 50-100 նվազ դեպք, կորոնավիրուսով զբաղվող 15 բժշկական կենտրոն, նախկին 20-ի փոխարեն․ Արսեն Թորոսյան

1033

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց, որ մենք ունենք դեպի լավը գնացող իրավիճակ։
«Մեր բոլորի ջանքերը տալիս են իրենց արդյունքը։ Հաշվարկները ցույց են տալիս, որ մենք շաբաթական կտրվածքով ունենում ենք մոտավորապես 50-100 նվազ դեպք մեկ օրվա հաշվարկով, քան նախորդ շաբաթ։ Եթե իրավիճակը կարողանանք պահպանել ապա իրական շանս կունենանք, եթե ոչ զրոյացնելու կորոնավիրուսյան հիվանդության արձանագրվող նոր դեպքերը, ապա այնքան իջեցնելու, որ այլևս հանրային առողջապահական խնդիր չհամարենք»,-ասել է Թորոսյանը։
Փոխվել է ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների և մահացությունների թիվը։
«Այսօր ունենք 300 քաղաքացի ծանր վիճակում, 68՝ ծայրահեղ ծանր և թոքերի օդափոխության սարքին միացված 24 քաղաքացի։ Ունենք փոքր թվով մահեր, ինչը մենք կրկին արձանագրում ենք և հույս ունենք, որ այդ թիվը մի օր կհավասարվի 0-ի։ Նախկին 20 հիվանդանոցի փոխարեն սպասարկում են 15 կորոնավիրուսով զբաղվող բժշկական կենտրոններ և ևս 2-ը պլանավորում են մոտ օրերս անցնել իրենց հիմնական աշխատանքին»,- նշել է Արսեն Թորոսյանը։
Նախարարը նաև ասաց, որ հակահամաճարակային գործողությունները այն միակ գործիքներն են, որոնք թույլ են տալիս իրավիճակը պահել կայուն և բարելավել՝ հավելելով, որ դրանք անփոխարինելի են փրկելու տասնյակ հարյուրավոր կյանքեր։
«Հետևաբար, հարգելի՛ քաղաքացիներ, ես կրկին կոչ եմ անում և խնդրում եմ շարունակել կրել դիմակ գրեթե ամենուր, պահպանել սոցիալական հեռավորությունը բոլոր քաղաքացիների հետ և հաճախ ախտահանել ձեռքերը։ Սրանք այն պարզ երեք կանոններն են, որ մեզ թույ են տալիս բարելավել իրավիճակը և ունենալ առանց կորոնավիրուսի Հայաստան»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Կիսվել