Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշվել է, որ նախատեսվում է երեք ինքնաթիռով հումանիտար աջակցություն (դեղորայք և սնունդ) ուղարկել Լիբանան:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ առաջին թռիչքը պլանավորված է օգոստոսի 8-ին երեկոյան՝ ժամը 21:00-ին, որով հիմնականում դեղորայք կտեղափոխվի։
«Հաջորդ թռիչքը նախատեսվում է իրականացնել օգոստոսի 11-ին, եւս մեկ թռիչք կիրականացվի կրկին հաջորդ շաբաթվա ընթացքում: Հիմա ընթանում է ապրանքների հավաքագրման գործընթացը»,- ասել է Տիգրան Ավինյանը:
Լիբանան են այցելելու Հայաստանի կառավարության, Ազգային ժողովի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչները, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին և հանդիպումներ ունենան Լիբանանի կառավարության եւ հայ համայնքի անդամների հետ: