«Եթե Հայաստանում շարունակվեն օրական գրանցվող վարակման նոր դեպքերի և առողջացածների վիճակագրական միտումները, ապա օգոստոս ամսվա վերջում օրական հաստատվող դեպքերի թիվը կհասնի միջինում 70-ի, որը շարունակաբար կնվազի»,- Journalist.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ վիճակագրորեն ներկայացնելով համաճարակային վիճակը Հայաստանում։
Ըստ նրա՝ դեպքերի նվազման վրա ազդում են մի քանի գործոններ։
«Առաջինը դիմակների պարտադիր կրումն է, որը կանխում է վարակի տարածումը, երկրորդը ջերմաստիճանի բարձրացումն է, երրորդը բնակչության իրազեկ լինելն է, ինչը մարդկանց ստիպում է զգուշանալ և չորրորդը բակչության իմունիզացիան է, որն այս պահին կազմում է 7%»,-նշեց Միքայելյանը։
Քաղաքագետը պարետատան վերջին կանխատեսումը՝ կապված արտակարգ դրության երկարացման հավանաբար վերջինը լինելու հետ, որակեց անհասկանալի և վաղաժամ, քանի որ չենք կարող երաշխավորել, որ վիճակագրությունը կպահպանվի, և իրավիճակը չի սրվի։
«Այս պահի դրությամբ Հայաստանում վիրուսի դեմ պայքարը որոշակի արդյունքներ բերում է, սակայն բավականին ժամանակ է՝ ինչ տարածվածության առումով Հայաստանը աշխարհում առաջիններից է։ Սա ասում է այն մասին, որ վիրուսի դեմ պայքարն այդքան էլ արդյունավետ չէր։ Չնայած սրան՝ հիմա ունենք դրական արդյունք և ձեռք ենք բերել փորձ, որն այսօր պայքարը դարձնում է ավելի արդյունավետ, քան 2 ամիս առաջ էր»,-ասում է Հրանտ Միքայելյանը։
Հայաստանում պաշտոնական գրանցված վարակվածների ընդհանուր դեպքերի թիվը հասնում է 40000-ի, որը կազմում է ազգաբնաչության 1.4-1.5%-ը, սակայն ըստ Միքայելյանի՝ եթե հաշվի առնենք վիրուսի տարբեր գործոններ և դիտարկենք տարածվածության իրական սահմանները, ապա ընդհանուր թիվը կհասնի մոտավորապես 190000-ի։
«Ես կդժվարանամ կանխատեսումներ անել՝ կապված համավարակի լիարժեք հաղթահարման հետ, քանի որ ցանկացած կանխատեսում արվում է այն կանխավարկածով, որ իրավիճակը չի փոխվի, սակայն կարող եմ ասել, որ այս վիճակագրությունը կպահպանվի մինչև սեպտեմբերի կեսը, իսկ հետո՝ կապված եղանակային փոփոխություններով և ուսումնական տարվա բացմամբ, իրավիճակը կարող է փոխվել։ Բայց մինչև սեպտեմբերի կեսը կունենանք նկատելի դրական տեղաշարժ»,-ասաց Հրանտ Միքայելյանը։
Նա նաև նշեց, որ իրավիճակի փոփոխության վրա մեծ ազդեցություն կունենան պատվաստանյութի կիրառումը, ինչպես նաև մյուս երկրների ապագա իրավիճակը՝ կապված համավարակի հետ։
Հեղինակ՝ Դիանա Պետրոսյան