Բացահայտվել է Սևանա լճից շուրջ 127 տոննա ձկան ապօրինի արդյունահանման հանցավոր սխեմա....

Բացահայտվել է Սևանա լճից շուրջ 127 տոննա ձկան ապօրինի արդյունահանման հանցավոր սխեմա. ԱԱԾ

683

ՀՀ ազգային անվտանգության ծառայութույնը բացահայտել է Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի որոշ համայնքներում մի խումբ անձանց կողմից Սևանա լճից ձկնային պաշարների ապօրինի արդյունահանման, պահեստավորման և դրանք քողարկված ձևով՝ այլ ձկնատեսակի անվան տակ, մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածքից ապօրինի արտահանման բազմաթիվ դեպքեր:

Ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ անհայտ անձինք նախնական համաձայնությամբ 2019-2020 թթ. ընթացքում, առանց համապատասխան թույլտվության, Սևանա լճից ապօրինի արդյունահանելով 12.200 կգ «Սևանի սիգ»  տեսակի ձուկ, կենդանական աշխարհին պատճառել են առանձնապես խոշոր չափի վնաս: Այնուհետև, իրենց կողմից ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված  առանձնապես խոշոր չափերի վերը նշված ձուկն իրացրել են Ս. Ս.-ին, Կ. Մ.-ին և Վ. Գ.-ին, որոնք ձուկը տեղափոխել և պահել են Կոտայքի մարզում գործող Պետական ոչ առևտրային կազմակերպության սառնարանային տնտեսությունում:

Բացի դրանից՝ ստացված տվյալների համաձայն, անհայտ անձինք նախնական համաձայնությամբ, 2019-2020 թթ. ընթացքում, առանց համապատասխան թույլտվության Սևանա լճից ապօրինի արդյունահանելով 46.689 կգ սիգ տեսակի ձուկ՝ կենդանական աշխարհին պատճառել են խոշոր վնաս: Այնուհետև, «Սևանի սիգ» տեսակի ձուկը հիշյալ անձինք իրացրել են Ս. Մ.-ին և Կ. Մ.-ին, ովքեր այն տեղափոխել և պահել են Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքում գտնվող սառնարանային տնտեսությունում:

ԱԱԾ-ի կողմից կանխվել է «Բագրատաշենի» մաքսային անցակետում, «Զվարթնոց»  օդանավակայանի բեռնային համալիրում շուրջ 4,2 տոննա քաշով «Սևանի սիգ»  տեսակի ապխտած ձկների ապօրինի արդյունահանումը, որոնք արտահանման փաստաթղթերով ներկայացվել են որպես «Սկումբրիա» տեսակի ձկան պահածոներ:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Կիսվել