Անգլերենի տարեվերջյան դասը ժուռնալիսիտիկայի ֆակուլտետի երրորդ կուրսում տոնական էր։ Ամանորի նախաշեմին ուսանողները պատրաստել էին անգլերեն կարճամետրաժ կենսագրական ֆիլմեր։ Նախաձեռնության հեղինակը անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Նունե Թովմասյանն էր, ում կարծիքով նմանատիպ գործնական աշխատանքները օգնում են ուսանողներին բացահայտելու իրենց ստեղծագորածական ունակությունները, ինքնարտահայտվելու և ամենակարևորը՝ բարելավելու անգլերենի իմացությունը։
Ֆիլմերի դիտմանը ներկա էին Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ելենա Երզնկյանը, դասախոս, դոցենտ Նունե Թովմասյանը և ֆակուլտետի ուսանողները։
Մի քանի րոպե տևողությամբ ֆիլմերում օգտագործելով անձնական արխիվը` ուսանողները բավականին սահուն և գեղեցիկ անգլերենով պատմում էին իրենց մանկության-պատանեկության հիշարժան դրվագների, հաղթանակների, ձեռքբերումների, հուսալքությունների, վախերի և կայացրած կարևոր որոշումների մասին։ Վերլուծելով ապրած 20 տարիները՝ նրանցից յուրաքանչյուրը իր ֆիլմում յուրովի ընդգծում էր, որ պատրաստ է կերտելու կյանքի նոր շրջանի երջանիկ պահերը և հաղթահարելու մարտահրավերները։
Ե. Երզնկյանը ողջունեց ուսանողների աշխատանքը. «Ես վայելեցի ֆիլմերից յուրաքանչյուրը։ Դրանք անձնական պատմություններ էին ՝ լի մարդկային պարզությամբ, անկեղծությամբ ու հավատով։ Շնորհավորում եմ ձեզ՝ մաղթելով, որ այսօրվա տոնական տրամադրութունը ձեզ ուղեկցի ամբողջ գալիք տարվա ընթացքում»։
«Համոզված եմ ՝ այս ֆիլմերից հետո միմյանց ավելի լավ եք ճանաչելու և գնահատելու»,- միջոցառման վերջում ասաց Ն. Մարտիրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով Ն. Թովմասյանին և ուսանողներին նախաձեռնությունն իրականացնելու համար։
Ստորև ներկայացնում ենք ֆիլմերը
https://www.youtube.com/watch?v=vARxUajzvJU