ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական կրթության վարչության պետ, հայտնի ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյան ռումինական Defense Romania պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է այս տարվա հուլիսին տեղի ունեցած քաղաքական-ռազմական էսկալացիային:
Ռազմական փորձագետը նշել է, որ Հայաստանը հաջողությամբ հետ է մղել ադրբեջանական հարձակումը՝ մանրամասնելով ռազմական գործողությունները:
«Բացի այն, որ գործողությունների ժամանակ օգտագործվել են ԱԹՍ համակարգեր, ադրբեջանական կողմն օգտագործել է նաև իսրայելական ռազմական տեխնիկա, ադրբեջանցիները իրենց հարձակումներում օգտագործել են նաև «Յաշմա» հատուկ նշանակության ուժերը»,- ասել է Հովհաննիյանը՝ ավելացնելով, որ ՀՀ զինված ուժերը, ոչ միայն հետ են մղել հարձակումը, այլև ցույց է տվել ռազմական գերակայությունը Ադրբեջանի նկատմամբ։
Ըստ էության՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների ՀՀ Տավուշի մարզի սահմանագոտում գտնվող «Անվախ» դիրքի ուղղությամբ կեսգիշերից հետո ադրբեջանական զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների 100 զինծառայող խոշոր զինատեսակների, մասնավորապես հրետանու կրակի աջակցությամբ փորձել են հարձակվել, բայց հայկական դիրքի զինվորների հերոսական և գրագետ գործողությունների արդյունքում հետ են շպրտվել՝ թողնելով զգալի կորուստներ։ Այդ ընթացքում կորցրել են նաև որոշակի տեխնիկա, զրահատեխնիկա և այլն։ Հարձակումն իրականացրել են «Յաշմա» անվանումը կրող Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները»,- ասել է փորձագետը:
Հարցին, թե ի՞նչ նշանակություն կարող են ունենալ այս կարճատև ռազմական գործողությունները ռազմական արվեստի տեսանկյունից, փորձագետը նշել է, որ հուլիսյան էսկալացիայի ընթացքում տեղի ունեցած կարճատև մարտական գործողությունները ներգրավված ուժերի, միջոցների և կիրառված զինատեսակների առումով արդեն վերաճել են մարտավարականից դեպի օպերատիվ, իսկ դրանց ռազմաքաղաքական նշանակությունը դրսևորվում է նաև ռազմավարական մակարդակում:
«Այս մարտական գործողությունները փաստացի կրկին ապացուցեցին, որ ռազմական գիտության դասական սահմանումներն ու բաժանումները պայմանական են, դրանք այնքան էլ չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին: Այդ ռազմական գործողությունների ընթացքում օգտագործված միջոցները, դրանց կիրառության ձևերն ու եղանակները հերթական անգամ ապացուցեցին, որ հեռահար մարտը, ոչ կոնտակտային մարտը, գիշերային մարտը, առնվազն բարձրացնում են իրենց տեսակարար կշիռը, բարձր տեխնոլոգիական միջոցները գերակա են դառնում: Եվ այս ամենում Հայաստանի բանակն ապացուցեց իր հստակ մասնագիտական և մարտավարական առավելությունը ադրբեջանական բանակի նկատմամբ»,-ընդգծել է Արծրուն Հովհաննիսյան: