Տեղի է ունեցել Հարիրի սպանության գործի դատավճիռը. Արմեն Պետրոսյանի վերլուծությունը

Տեղի է ունեցել Հարիրի սպանության գործի դատավճիռը. Արմեն Պետրոսյանի վերլուծությունը

704

Այսօր տեղի է ունեցել Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրի սպանության գործի դատավճիռը: Ըստ դատարանի՝ չկա ապացույց, որ Սիրիան կամ «Հըզբոլլահը» ներգրավված են եղել Հարիրիի սպանության մեջ: Լիբանանի հատուկ տրիբունալը եկել է այն եզրահանգման, որ հարձակումն անմիջականորեն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: ԴՆԹ-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նա եղել է մոտավորապես 20 տարեկան երիտասարդ: Սակայն ինքնությունը հաստատված չէ:

Արևելագետ Արմեն Պետրոսյանը Journalist.am-ին փոխանցեց, որ Սիրիայի կամ «Հըզբոլլահ»-ի դեմ մեղադրանքների բացակայությունը չափազանց կարևոր զարգացում է, որն իր դրական ազդեցությունը կարող է ունենալ Լիբանանի ներքաղաքական կյանքում՝ հաշվի առնելով մի շարք գործոններ.
«Նախևառաջ բավականաչափ կարևոր է, որ նման բարձր դատական մարմնի կողմից փարատվեցին ավելի քան մեկ տասնամյակ լիբանանյան հասարակության մեջ տիրող այն կասկածները, թե Ռաֆիկ Հարիրի սպանության հարցում մեղավոր են Սիրիան և «Հըզբոլլահը», որը անցած մեկուկես տասնամյակի ընթացքում լուրջ ազդեցություն է ունեցել Լիբանանի ներքաղաքական գործընթացներում»,- ասաց Արմեն Պետրոսյանը:

Արևելագետն ասում է՝ հաշվի առնելով ինչպես վերջին մի քանի ամիսների ընթացքում, այնպես էլ Բեյրութի նավահանգստի պայթյուններից հետո Լիբանանում կրկին սրված ներքաղաքական իրավիճակը՝ այս դատավճռի բովանդակությունը թույլ է տալիս կանխատեսելու, որ այն բավականաչափ մեծացնում է լիբանանյան հասարակության և հատկապես ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև որոշակի համաձայնության կայացումը.
«Իհարկե, եթե Ռաֆիկ Հարիրի որդու և նրա գլխավորած քաղաքական ուժի, ինչպես նաև նրանց դաշնակից լիբանանյան այլ քաղաքական ուժերի կողմից միանշանակ կերպով ընդունվի այս դատավճռի բովանդակությունը»,- նշեց արևելագետը:

Արմեն Պետրոսյանի խոսքով՝ լիբանանյան հասարակությունը շուրջ 15 տարի սպասում էր Հարիրի նման մեծ հեղինակություն ունեցող պետական գործչի սպանության հետ կապված օբյեկտիվ մարմնի եզրակացությանը:
«Այնպիսի եզրակացության, որը կդադարեցներ շահարկումները՝ կապված այդ ողբերգական միջադեպի հետ, որը ավելի խորացրեց Լիբանանի ներքաղաքական կյանքում և հասարակության շրջանում եղած լրջագույն տարաձայնությունները»,- եզրափակեց արևելագետը:

Հիշեցնենք, որ Լիբանանի նախկին վաչապետ Ռաֆիկ Հարիրին սպանվել է 2005 թվականի փետրվարի 14-ին: Նրա կորտեժը պայթեցվել էր 1800 կգ տրոտիլին համարժեք պայթուցիկ նյութով:

Հեղինակ՝ Լուսինե Հակոբյան

Կիսվել