Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի կողմնակի բարդությունները ներառում են ներարկման հատվածում տեղային ռեակցիաներ և մարմնի ջերմաստիճանի մի փոքր բարձրացում: Այս մասին Gazeta-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Վլադիմիր Չուլանովը:
«Ամենատարածվածը տեղային ռեակցիաներն են: Ներարկման հատվածում կարող է առաջանալ կարմրություն կամ ցավ: Նշվում է նաև ջերմաստիճանի բարձրացումը, ինչը բնորոշ է բազմաթիվ պատվաստանյութերի: Սովորաբար դա 37 կամ 37,5 աստիճանի սահմաններում կարճաժամկետ ջերմություն է: Անգամ հարկավոր չէ իջեցնել ջերմաստիճանը, եթե պատվաստված մարդն իրեն լավ է զգում: Ծայրահեղ դեպքերում դուք կարող եք խմել նույն պարացետամոլը և վերջ»,- պարզաբանել է մասնագետը:
Նա ավելացրել է, որ պատվաստանյութը չի առաջացնի այսպես կոչված ցիտոկինային փոթորիկ, որն իմունային համակարգի ամենավտանգավոր արձագանքն է կորոնավիրուսին. հանգեցնում է բազմաթիվ օրգանների վնասվելուն:
«Մի բան կարող եմ հաստատ ասել, որ իմունիտետը, որը մենք ստեղծում ենք պատվաստանյութի ներարկմամբ, չի կարող ընդհանրապես վնասել մարդու օրգանիզմին»,- վստահեցրել է Չուլանովը: