ԳՆՎԱԾ ԱՊՐԱՆՔԸ ԵՏ ՉԻ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ

ԳՆՎԱԾ ԱՊՐԱՆՔԸ ԵՏ ՉԻ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ

2124

«Գնված  ապրանքը հետ չի ընդունվում». այս գրությունը հաճախ կարելի է տեսնել բազմաթիվ խանութներում:

Սովորական թվացող այս արտահայտությունը իրազեկ մարդու համար օրենքի խախտում է:

Իսկ որոշ խանութներում չնայած նրան, որ նմանատիպ գրություն փակցված չէ, այնուամենայնիվ, «իրենց ներքին օրենքներով» նույնպես հետ չեն ընդունում ապրանքը:

Ըստ սպառողների պաշտպանության մասին օրենքի՝ սպառողն իրավունք ունի 14 օրվա ընթացքում (չհաշված գնման օրը) պատշաճ որակի ապրանքը հետ հանձնել, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի սահմանել:

Պարզելու համար, թե ինչպես են մեկնաբանում խանութում ապրանքը հետ չընդունելը (X) խանութից գնեցինք իր, որը հաջորդ օրը փորձեցինք վերադարձնել: Վաճառողուհին ասաց, որ, ապրանքը հետ վերցնել չի կարող, իսկ երբ նշեցինք սպառողների պաշտպանության օրենքի մասին, նա ասաց, որ ինքը պարզապես վաճառողուհին է և նման հարցերով չի զբաղվում: Նրանից փորձեցինք ճշտել խանութի տնօրենի հեռախոսահամարը հարցը պարզելու համար, բայց պատասխանեց, որ նա իրավունք չունի ասելու տնօրենի հեռախոսահամարը և որ նա այս պահին երկրում չէ:

Ինչպես վարվել այսպիսի դեպքերում և ինչպես պաշտպանել սեփական շահերը՝ պարզաբանեցինք «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ:

Նա նշեց, որ խանութում ապրանքը հետ չընդունվելու դեպքում սպառողը կարող է հարցը լուծել դատարանի օգնությամբ, կամ էլ դիմել իրենց կազմակերպությանը և իրենք կփորձեն լուծել խնդիրը:

Իսկ հարցին թե ինչու մինչև հիմա որոշ խանութներում կան փակցված նման գրություններ, պարոն Պիպոյանը պատասխանեց, որ խանութը կարող է պատճառաբանել, թե գրությունը վերաբերվում է սահմանված որոշ ապրանքների: Իսկ հարցին, թե կոնկրետ որ ապրանքները փոխանակման կամ հետ վերադարձնելու ենթակա չեն, նշեց, որ ցանկը տվյալ պահին դեռ վերանայվում է և ստույգ տեղեկություն տալ հնարավոր չէ:

Ինչև, եղեք իրազեկ, քանի որ դա ձեր պաշտպանված լինելու երաշխիքն է:

 

Սոնա Օհանջանյան

3-րդ կուրս

 

Կիսվել