«Մեր գործողությունները ուղղված չեն Ադրբեջանի դեմ». Շոյգու

«Մեր գործողությունները ուղղված չեն Ադրբեջանի դեմ». Շոյգու

964

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բաքվում հայտարարել է, որ Մոսկվայի գործողությունները ուղղված չեն Ադրբեջանի դեմ:
«Մենք մտահոգությամբ հետևում էինք Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: Գիտենք նաև դեպի մեր ռազմաբազա թռիչքների հետ կապված անհանգստությունների մասին: Միանգամից ուզում եմ ասել. մեր գործողությունները երբեք ուղղված չեն եղել և այսօր էլ ուղղված չեն Ադրբեջանի դեմ, որը մեր հարևանն ու գործընկերն է: Ռուսաստանը շահագրգռված չէ Անդրկովկասում լարվածության սրմամբ», – ասել է Շոյգուն:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նա նշել է, որ Ռուսաստանը սոցիալական օբյեկտներ է կառուցում Հայաստանի իր ռազմաբազայում:

«Որոշակի աննշան ակտիվությունը դրա հետ է կապված: Եվ երկրորդ մասը զորակոչն է: Ոմանց պետք է տուն վերադարձնեինք, ոմանց էլ՝ հակառակը», – ասել է Շոյգուն:

«Կրկնում եմ. մեր գործողությունները եւ քայլերը երբեք ուղղված չեն եղել Ադրբեջանի դեմ եւ ուղղված չեն այսօր», – վստահեցրեց նա:

Շոյգուն նաև հայտնել է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը այս կամ գալիք տարում կվերականգնեն համագործակցության նախկին տեմպը, որը նվազել է կորոնավիրուսի համավարակի պատճառով: «Ռազմական համագործակցության մեր հորիզոնները նեղացել են ինչ-որ չափով համավարակի պատճառով, սակայն ես միանգամայն համոզված եմ, որ այսօր մենք կքննարկենք և կձեռնարկենք անհրաժեշտ միջոցները, որպեսզի այս ժամանակահատվածում բաց թողնվածը վերականգնվի, եթե ոչ այս, ապա հաջորդ տարի»,- հավելել է Շոյգուն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինին ասել էր, անհանգստացած է Հայաստան ռազմական մատակարարումներով:

«Իլհամ Ալիևը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներից անմիջապես հետո Ռուսաստանից Հայաստան  (Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Իրանի օդային տարածքով) մատակարարված ռազմական նշանակության բեռների ծավալը գերազանցել է 400 տոննան եւ ընդգծել է, որ իր հեռախոսազանգի հիմնական նպատակն այդ հարցը պարզաբանելն է», – ասված էր Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Կիսվել