Մոսկվայում Թումո կենտրոն է բացվել

Մոսկվայում Թումո կենտրոն է բացվել

445

Թումոյի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ օգոստոսի 26-ին տեղի է ունեցել Թումոյի թվով 3-րդ կենտրոնի պաշտոնական բացումը: Նշենք, որ Թումո կենտրոններ կան նաև Փարիզում և Բեյրութում:

Թումոյի եւ Genome Ventures ընկերության համագործակցության արդյունքում Մոսկվայի թումոցիները նախնական փուլում կկարողանան հմտանալ հետեւյալ 8 ոլորտներում ՝ ծրագրավորում, գրաֆիկական դիզայն, ռոբոտաշինություն, 3D մոդելավորում, խաղերի ստեղծում, երաժշտություն, ֆիլմերի ստեղծում եւ անիմացիա: Ապագայում կբացվի ևս 6 ուղղություն՝ կայքերի ստեղծում, նկարչություն, լուսանկարչություն, նոր մեդիա, շարժական գրաֆիկա եւ ստեղծագրություն:

«Հատկանշական է, որ Մոսկվայում մենք հայտարարում ենք նորարարական հիբրիդային համակարգ` առցանց եւ կենտրոններում դասերի համադրություն, որը մենք վերջերս մշակեցինք` նոր իրականությանը հարմարվելու համար: Վստահ ենք, որ ծրագիրը, որն արդեն սիրվել է եվրոպացի պատանիների շրջանում, դուր կգա նաեւ Մոսկվայի պատանիներին: Հուսով ենք, որ սա Թումոյի ռուսաստանյան ընդլայնման միայն սկիզբն է»,- իր խոսքում նշել է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Կենտրոնի պաշտոնական բացմանը ներկա է գտնվել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, ով նշել է. «Վստահ եմ այստեղ սովորելու ձգտումը մեծ է լինելու»:

Նոր Թումո կենտրոնը տեղակայված է Մոսկվայի կենտրոնում, «Մոսկվա Սիթի» գործարար կենտրոնի հարեւանությամբ: Այն տեղակայված է առանձին շենքում` անհրաժեշտ բոլոր ուսումնական տարածքներով` ինքնուսուցման հարթակներ, դասընթացների սենյակներ, երաժշտական ստուդիա եւ այլն: Թումո Մոսկվայում սովորելու է շուրջ 2 000 ուսանող:
Ուսումը վճարովի է, սակայն կենտրոնը տարեկան մեծ թվով դրամաշնորհներ է հատկացնելու անվճար ուսուցման համար:Դասընթացները մեկնարկելու են հոկտեմբերին: Մանրամասների եւ գրանցման համար կարող եք այցելել tumomoscow.ru:

Մինչև տարվա ավարտը պլանավորվում է եւս 2 միջազգային Թումո կենտրոնի բացում` Բեռլինում եւ Տիրանայում:

https://www.facebook.com/tumocenter/posts/3385495874821888
Կիսվել