ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ

ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ

1724

Երևանում Անդրանիկ փողոցի 61-րդ շենքը ջրատար խողովակների և կոյուղագծերի խնդիր ունի: Արդեն երկար ժամանակ է ինչ այդ խնդիրը լուծում չի ստանում և բնակիչները խուճապի մեջ են:

Շենքի բնակչուհի տիկին Աննայի խոսքով մի քանի ամիս առաջ ներքևի հարևանը անընդհատ բողոքում էր, որ  նրանց բնակարան ջուր է իջնում, սակայն, իրենց տանն ամեն բան տեղին էր: Արդյունքում պարզվեց, որ միջպանելային վթար է եղել:

Պարոն Գևորգը վերջերս է վերադարձել արտագնա աշխատանքից, և իր ընտանիքի հետ ապրում է 61-րդ շենքում վարձակալած  բնակարանում: Նրանց  տանն էլ նույն խնդիրն է: Բաղնիքի խողովակները վնասված են, ծորակը չի փակվում, ջուրը անընդհատ հոսում է, իսկ դրա հետևանքով էլ ջրաչափի ցուցմունքն ահռելի է դառնում:

-էսքանի մեջ ամնավատն էն ա, որ տան տիրոջն ընդհանրապես չի հուզում իր տան վթարային վիճակը: Ես եմ ընկել դռնեդուռ, որ հասկանամ ինչ ա կատարվում: Իմ չեղած դրամական միջոցներով եմ պատրաստվում իրանց տունը սարքեմ, որ էրեխեքս նորմալ ապրեն,- անկեղծացավ պարոն Գեվորգը:

Քաղաքի ծայրամասում գտնվող, բնական գազ չունեցող և վնասված խողովակներով այդ տան համար նրանք ամսական վճարում են 80 հազար դրամ:

Խնդրի լուծման նպատակով համատիրություն դիմած շենքի լիազոր տիկին Ծովիկը դեռևս պատասխան չի ստացել: Ասում է, որ դիմել է 1 ամիս առաջ :

ՀՀ Ք. Երևանի Մալաթիա-Սեբաստիա Վարչական շրջանի «Գավառ»  համատիրության տնօրենը ընդհանրապես չցանկացավ որևե բան ասել, իսկ աշխատակցից հազիվ հաջողվեց երկու բառ պոկել:

Ասաց, որ շենքում նորոգումեր կատարելու համար անհրաժեշտ է ժողով գումարել և ընդհանուր քննարկման դնել այդ հարցը:

-Կատարված քննարկումների արդյունքում մենք պետք է ստուգումներ կատարենք շենքում, հասկանալու համար շենքի գլխավոր խողովակներն են փչացած, թե բնակարանների: Եթե ընդհանուր խնդիր է, ապա այն կլուծի համատիրությունը, իսկ եթե ոչ, ուրեմն բնակիչները պետք է նորոգեն իրենց խողովակները,- ասաց համատիրության աշխատակիցը:

Երեք ուսանող երեխաներ ունեցող Գևորգը 15 օրով էր Երևան եկել, տոներն ընտանիքի հետ նշելու և հանգստանալու համար,սակայն, նորոգելու շատ բան կա:

-Եկել եմ, որ մի քիչ հանգստանամ, կարոտս առնեմ ընտանիքիցս, բայց թողնու՞մ են:

Ինչպես երևում է, Անդրանիկի 61 շենքում տոները մեծ խնդիրներով են անցնելու: Դժվար է, բայց պետք է համբերել ու սպասել, թե համատիրությունը երբ կանի իր առաջին քայլը և ժողով կգումարի:

 

Արմենուհի Պետրոսյան

3-րդ կուրս

Կիսվել