Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրին այսօր դարձել է ներքին տուրիզմի կարևոր օղակներից մեկը:
Քաղաքը հայտնի է իր մշակույթով, կոլորիտով, հին շենքերով, փողոցներով, հետաքրքիր ու հումորային պատմություններով, մարդկանցով, նրանց ընդգծված բնավորությամբ ու բարբառով:
Քաղաքի սրտում է գտնվում Յոթ Վերք եկեղեցին: Այն կոչվում է Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որտեղ Սուրբ Մարիամը պատկերված է իր յոթ վերքերով: Սրբապատկերը եկեղեցի է տեղափոխվել Սուրբ Նշան Եկեղեցուց:
Իսկ սա Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է, որի կառուցման աշխատանքները սկսվել են 1860-ական թվականներին: Եկեղեցին կառուցվել է Անիի Մայր տաճարի նմանությամբ: 1988թ.-ի երկրաշարժի ժամանակ եկեղեցին մասամբ ավերվել է, վերանորոգման աշխատանքներն ընթանում են մինչև օրս:
Եկեղեցու դիմաց է գտնվում «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշարձանը, որը նվիրված է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին:
Գյումրեցիները հայտնի են իրենց հումորներով, սրամտությամբ: Իսկ անեկդոտների պատ էլ որտե՞ղ կարող եք գտնել, եթե ոչ Գյումրիում:
Քաղաքում կանգնեցված է նաև հումորի խորհրդանիշ դարձած Պոլոզ Մուկուչի արձանը: Ասում են՝ մի անգամ, երբ Պոլոզ Մուկուչը ձմերուկ է վաճառել, գյումրեցի մի կին վերցրել է մի փոքր ձմերուկ, երկու ձեռքերով սեղմել է ու պահել ականջի մոտ: Այդպես արել է մի քանի անգամ: Պոլոզ Մուկուչը զայրացել է ու ասել.
– Քուր ջան, երկու կիլանոց ձմերուկըմ ես վերցրե, գուզես մեջեն դուխավոյ արկեստրի ձեն ելնի՞:
Գյումրեցիները թատերասեր ժողովուրդ են: Թատրոն գնալու մշակույթը Գյումրիում ձևավորվել է դեռևս հին ժամանակներից: Դերասանները մեծ պատասխանատվությամբ են խաղում Գյումրու թատրոնում, քանի որ գիտեն՝ եթե գյումրեցի հանդիսատեսի դուրը չգա ներկայացումը, նրանք կեսից կթողնեն ու կգնան:
Հայաստանի երկրորդ քաղաքում են նկարահանվել հայ կինոյի լավագույն գոհարները: Զբոսաշրջիկների համար ամենից հայտնի և սիրելի վայրը «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի բալկոնն է, որին հաճախ ասում են «Վառեմ մարեմ», ինչպես ֆիլմում գլխավոր հերոսուհի Սիրանուշի կերպարը կերտած Գալյա Նովենցն էր բալկոնից ասում՝ «Լույսը վառել եմ ու բդի վառեմ ու ըսուրից հետո էլ բդի վառեմ, մարեմ, վառեմ, մարեմ»:
Գյումրու կենտրանական զբոսայգում՝ «Գորկի սադում» է տեղադրված «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի ցուցանակը:
Հայտնի շենքերից է «Օժիտի» շենքը: Այն պատկանել է Դրափյաններին և իրենց դստեր՝ Ջավահիրի հարսանիքին շենքը օժիտ են տվել:
Մուշուրբան կամ, ինչպես գյումրեցիներն են ասում, կլկլան բաժակը, ևս Գյումրու խորհրդանիշներից է: Այս բաժակի բաժակով ջուր խմելիս յուրահատուկ ձայն՝ կլկլոց է գալիս: Այն ունի պատրաստման հատուկ մեխանիզմ: Մուշուրբա պատրաստող վարպետները Գյումրիում ժառանգաբար իրենց արհեստը փոխանցում են որդիներին:
Գյումրու փողոցները վերջերս սկսել են զարդարել նման մարդուկ- տիկնիկները, որոնց հեղինակը գյումրեցի Աննա Աթոյանն է:
Քաղաքում զբոսնելիս ոչ մեկի աչքից չեն վրիպի գունազարդված պատերը: Street art-ը շատ տարածված է Գյումրիում:
Քաղաքում շատ են հին դռները՝ գունավոր, երկաթից, փայտից: Դրանք առանձնահատուկ շունչ ու տրամադրություն են հաղորդում:
Դե ինչ, այսքանից հետո մնում է այցելել Գյումրի, սեփական աչքերով տեսնել հին քաղաքն ու նոր բացահայտումներ անել:
Ֆոտոշարքը՝ Լուսինե Հակոբյանի