Իմ անունը Վիլյամ Սարոյան է. հայկական բեղերով հսկան

Իմ անունը Վիլյամ Սարոյան է. հայկական բեղերով հսկան

2460

«Երբ ես տակաւին փոքր էի, հայերը Ամերիկայի մէջ արհամարհանքի ենթակայ էին, քանզի բեղ կը պահէին ու բարձրաձայն կը խօսէին: Երբ ես դարձայ տասնվեց տարեկան, բեղ ունեցայ և սկսեցի խօսել բարձրաձայն: Ես կամեցայ ունենալ, շեշտել, ընդգծել ճիշտ այն բաները, որոնցով կջանային նւաստացնել մեզ: Ուզածս էր ըսել՝ ահա ես հայ եմ, գաղթականի տղայ, բիթլիսցի եմ և այս տեսակ բեղ կը պահեմ: Մէկ է կը հաճի՞ք, թէ՞ ոչ: Երբ կը պատկանիս ազգի մը, որ կարհամարհւի մեծամասնութիւն կազմող ազգի մէ կողմէ, կամ պիտի փախչիս, կամ պատասխանես: Ես ընտրեցի պատասխանելը՝ այսինքն հայ եմ, կը խօսիմ բարձրաձայն ու բեղ կը պահեմ»,– ասել է հայկական բեղերով և, ինչպես Պարույր Սևակն է նրան բնորոշոում, մարդկանց սիրելու դժվարագյուտ տաղանդով օժտված ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը։

Սարոյանը ծնվել է 1908 թվականին Կալիֆոռնիայում`Բիթլիսից գաղթած աշխատավոր հայ ընտանիքում: Հետագայում 20-րդ դարի գրականության հսկաներից մեկն իր մասին պիտի ասեր․ «Ես Վիլյամ Սարոյանն եմ Արմենակ և Թագուհի Սարոյանների չորրորդ զավակը… Ես ծնվել եմ Ֆրեզնոյում — Կալիֆոռնիայի նահանգ — բայց ծնողներս բիթլիսցի են… Հոգ չէ, թե մենք հայ հողից հեռու էինք ապրում, Հայաստանը մեր մեջ էր, Բիթլիսը մեր մեջ էր: Մենք էլ Բիթլիսի մեջ էինք մեր խոհերով, նիստուկացով, հիշատակներով: Երգում էինք մեր հին երգերը: Պատմում Բիթլիսի պատմությունները…»։
Չորս տարեկանում զրկվել է հորից, որոշ ժամանակ էլ ապրել որբանոցում: Այնուհետև մայրը որդուն հանել է որբանոցից և կրթության տվել, որը տևել է շուրջ 6 տարի: Ընտանիքի հոգսն ստիպել է պատանուն թողնել դպրոցը և փողոցներում լրագիր վաճառել․«Յոթ տարեկանից սկսեցի լրագրեր վաճառել մայթերում ու խաչմերուկներում: Երրորդ դասարանում առաջին անգամ վաստակեցի դպրոցի ամենաչար տղայի համբավը, ու ինձ հաճախ անկյուն էին կանգնեցնում, հայհոյում, քաշում մազերս ու ականջներս և, ի վերջո, վռնդեցին դպրոցից…»։ Ավելի ուշ ընտանիքի ծանր հոգսը ստիպում է գրողին դառնալ փոստատար, սևագործ բանվոր և Սան Հոակինի ֆերմաներում ու խաղողի այգիներում սեզոնային մշակ։ 1926 թվականին տասնութամյա Վիլյամը թողնում է հարազատ ամերիկա-հայկական Ֆրեզնոն ու գնում Սան Ֆրանցիսկո՝ այնտեղ աշխատելով որպես հեռագրատան ծառայող, սպորտային ապրանքների խանութի վաճառող ու պահեստի բանվոր։ Պատանու համար տաժանակիր այս աշխատանքները երբեք չեն ստիպել նրան մոռանալ ընթերցանության հանդեպ սերն ու ստեղծագործելու մղումը։ Ասում են՝ գրողի ուղով քայլելու մասին Սարոյանին առաջին անգամ «հուշել է» նրա վաղամեռիկ հոր թղթերի ու տետրերի կապոցը, որը նրան հանձնել էր մայրը։ Տասնչորսամյա Վիլյամն իմանում է, որ իր հայրը բանաստեղծ է եղել, բանաստեղծություններ ու պոեմներ է գրել «հին հայրենիքի» շնչով։

Դեռևս այդ դժվարին տարիներին Սարոյանը գրում էր փոքրիկ պատմվածքներ, որոնցից մեկը 1933 թվականին տպագրվել է Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ։ Սարոյանի պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի և այլ պատմվածքներ» լույս է տեսել 1934 թվականին և միանգամից ճանաչում բերել երիտասարդ գրողին: «Քո կյանքի ժամերը» ստեղծագործության շնորհիվ, որը Սարոյանը գրել է 1939 թվականին, գրողն արժանացավ Պուլիցերյան և նյույորքյան քննադատների հեղինակավոր գրական մրցանակներին։ Այս ստեղծագործությունը Սարոյանը գրել էր ընդամենը վեց օրվա ընթացքում։ 1940 թվականին գրողը հրաժարվում է Պուլիցերյան մրցանակից (10 հզ. դոլար)՝ հայտարարելով, որ «Առևտուրը իրավունք չունի հովանավորելու արվեստը»:

Գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է մի քանի հարյուր պատմվածք, որոնց մեծ մասն ամփոփվել է տասից ավելի ժողովածուներում («Փոքրիկ երեխաներ», 1937 թ., «Ողջույն քեզ, սեր», 1938 թ., «Անունս Արամ է», 1940 թ., «Սիրելիս», 1944 թ., և այլն): Դրանք բոլորն էլ իրենց մեջ կրում են անհատի ներքին ազատությունը, հոգևոր գեղեցկությունը, սերն ու բարին, դրա հետ մեկտեղ՝ իրականության և երազանքի հակադրությունը։ Նույն այդ հատկանիշները հետաքրքիր կերպով են արտահայտվել նաև Սարոյանի դրամաներում և պիեսներում՝ «Իմ սիրտը լեռներում է», «Կյանքիդ ժամանակը», «Քարանձավի մարդիկ», «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ», «Կոտորածն մանկանց», «Խաղողի այգին»։ Սարոյանի և նրա ստեղծագործությունների մասին ամենից լավ բնորոշումը տվել է վրացի արձակագիր Նոդար Դումբաձեն․
«Սարոյանը մարդկային ապրումների, հույզերի ու կարոտի մի հորդառատ գետ էր, որը երբեք չկտրվեց իր ակունքներից և երբեք չպղտորվեց։ ՈՒր էլ որ գնաց, տարավ իր զուլալ մաքրությունը և իրավունք ունեցավ ասելու`«Իմ սիրտը լեռներում է»։

1942 թվականին Սարոյանը զորակոչվել է բանակ, աշխատել զինվորական սցենարների ստեղծման վրա։ Նա պատերազմն ընկալել է որպես աղետ, այդ թեման արտացոլել «Մարդկային կատակերգություն» վիպակում և «Վեսլի Ջեկսոնի արկածները» վեպում։ 1950-1960-ական թվականներին Սարոյանը ապրել է Եվրոպայում, ապա նորից հաստատվել ԱՄՆ-ում։ Այդ տարիներին ինքնակենսագրական նյութի օգտագործումով ստեղծել է հոգեբանական վիպակների շարք։ 1960-ական թվականներից սկսած՝ գրել է հուշագրական ժանրի գործեր։ Հատկապես ուշագրավ են Բեռնարդ Շոուին, Չառլի Չապլինին, Թ. Ս. Էլիոթին, Եղիշե Չարենցին նվիրված էջերը, հեղինակի մտորումները գրականության կոչման վերաբերյալ։ 1972 թվականին Սարոյանը հրատարակել է «Վայրեր, որտեղ ես ժամանակներ եմ անցկացրել» խորագիրը կրող հիշողությունների գիրքը, որն ավելի շուտ ուղեցույց է ընթերցողի համար՝ հասկանալու Սարոյանի աշխարհը: Գիրքը բաժանված Է 68 փոքրիկ մասերի, որոնցից յուրաքանչյուրը կրում է այն վայրի անունը, որտեղ եղել է Սարոյանը`իր ընթերցողներին ասելով` «ամենուր փնտրեք բարություն և հայտնաբերելով դուրս հանեք այն իր թաքստոցից, հնարավորություն ընձեռեք, որ նա լինի ազատ ու անկաշկանդ»: Սարոյանի համար հատկանշական էր 1964 թվականին իր նախնիների քաղաք Բիթլիս այցելությունը, ինչի մասին հետագայում (1975) գրել է «Բիթլիս» պիեսը։
Սարոյանը հայտնի էր իր հումորներով և բազմաթիվ սրախոսություններով, որոնցից շատերը տեղ են գտել ինչպես շատերի հիշողություններում, այնպես էլ գրվածքներում։ Դրանից է, օրինակ, Գուրգեն Մահարու «Լռության ձայնը» գրքում զետեղված հերթական պատառիկներից երկուսը։

Միտքս չկրցի հասկցնել…
Գրողների տանը հանդիպումը կայացավ հանպատրաստից: Անկախ այս հանգամանքից, մթնոլորտը ջերմ էր:

– Բիթլիսցի գրող կա՞ այստեղ: Սեղմեց ձեռքը.

– Շատ, շատ ուրախ եմ, Բիթլիս կհիշե՞ս:

– Կհիշեմ:

– Այստեղ ընտանիք ունե՞ս…

– Ունեմ, տուն, տեղ, ընտանիք:

– Ձեր տուն Բիթլիսի թթու կա՞:

– Կա:

Լռություն:

– Բիթլիս կհիշե՞ս:

Երբ դուրս եկանք, գանգատվեց.

– Չկրցի հասկցնել, որ Բիթլիսի թթու կուզեմ ուտել… Ինչ անպիտան մարդ եմ:

Որո՞ւն զարմացնեմ…

Դեռ Մոսկվայում նրա սեղանի վրա տեսա իր գործերի մի քանի անգլերեն հրատարակություններ:

– Ինչու՞ նկարդ չեն դրեր,-հարցրի:

– Հայու բեղերես կամչնան,-պատասխանեց նա կես լուրջ, կես կատակ,-բեղերս անգլիական չեն:

Երբ Երեւանում հանդիպեցինք, ես չկարողացա չզարմանալ սարոյանական զարմանքով…

Բեղերը կրճատել էր հիսուներեք տոկոսով:

– Զարմանալի մարդ ես,-քրթմնջացի ես, – պատվական բեղերդ բերիր հասցրիր մինչեւ այստեղ եւ Երեւան մտար կճատ բեղերով…

– Օղո´ւլ,-գրեթե բարկացավ նա,-ես իմ հայու բեղերով ամրքացիներուն, ֆրանսիացիներուն կրնամ զարմացնեմ: Այստեղ, Հայաստանի մեջ որո՞ւն զարմացնեմ: Հայերեն չեմ գիտեր եւ հայու բեղեր կպահեմ: Կամչնամ:

Գրողը երկու անգամ ամուսնացած է եղել հրեուհի Քերոլ Գրեյսի (Քերոլ Մարկուս) հետ: Այս ամուսնությունից ունեն որդի՝ Արամը, և դուստր՝ Լուսինեն (Լյուսին):

Առաջին լուսանկարում Սարոյանը իր երեխաների՝ Արամի և Լուսինեի հետ է, երկրորդում՝ կնոջ Քերոլի։

Սարոյանի գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, հայերեն՝ բոլոր ստեղծագործությունները: Սարոյանի անունով Երևանում կոչել են փողոց, դպրոց և համալսարան, կանգնեցվել է հուշարձանը: 2008 թվականին գրողի ծննդյան 100-ամյակի առթիվ ՀՀ-ում հայտարարվել էր «Սարոյանական տարի»: 2014 թվականին Բիթլիսի քաղաքային խորհուրդը հաստատեց քաղաքի պատմական մասում գտնվող հինգ փողոցների անվանափոխությունը հարավ-արևելյան Թուրքիայում: Փողոցների նոր անվանումներից է նաև «Վիլյամ Սարոյանի փողոց»-ը։ 2015 թվականին Բիթլիս քաղաքում բացվեց գրադարան՝ ի պատիվ Վիլյամ Սարոյանի, իսկ 2018 թվականի օգոստոսի 31-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում՝ գրողի տանը, որտեղ նա ապրել էր իր կյանքի վերջին 17 տարիները, բացվեց գրողի տուն-թանգարանը։ Տանը ցուցադրված են գրողի կյանքի տարբեր շրջաններից լուսանկարներ, Սարոյանի գունանկարներ, գծանկարներ, նրա գրքերի շապիկները։ Թանգարանում կա նաև հատուկ սենյակ, որտեղ գտնվում է գրողի հոլոգրամը։

Սարոյանի տուն- թանգարանը՝ Ֆրեզնոյում գտնվող

Վիլյամ Սարոյանը մահացել է 1981 թվականի մայիսի 16-ին, Ֆրեզնոյում: Դիակիզումից հետո աճյունի մի մասը թաղվել է Ֆրեզնոյի Արարատյան գերեզմանատանը, մյուս մասը՝ Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

Սարոյանի և իր դստեր՝ Լուսինեի( Լյուսիի) գերեզմանաքարերը Ֆրեզնոյի տուն-թանգարանի բակում

Սարոյանն իր հոգում մանկան պարզություն ուներ, իսկ ապրած ժամերում՝ անսահման բարություն՝ դեպի աշխարհն ու մարդիկ։
«Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը»:

Հեղինակ՝ Անի Մարտիրոսյան

Կիսվել