Ֆրանսիայի նախագահը Բեյրութի օդանավակայանից անմիջապես ուղևորվել է Ֆեյրուզի բնակարան

Ֆրանսիայի նախագահը Բեյրութի օդանավակայանից անմիջապես ուղևորվել է Ֆեյրուզի բնակարան

476

Երեկ Բեյրութ է մեկնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով օդանավակայանից անմիջապես ուղևորվել է արաբական երգի աստղ Ֆեյրուզի բնակարան: Այդ մասին հայտնում են Ելիսեյան պալատի աղբյուրները:

Նշվում է, որ  Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և  երգչուհի Ֆեյրուզի հանդիպումը խորհրդանշանական է, այն իմաստով, որ երգչուհին համարվում է Լիբանանում ապրող բոլոր համայնքների միասնության խորհրդանիշը: Նրանք քննարկելու են Լիբանանում ստեղծված ծանր կացությունը:

84-ամյա երգչուհին բնակվում է Լիբանանի Ռաբիա շրջանում: Ավելի վաղ «Արեւելքի»  հետ  հարցազրույցում  հայ խմբավար Կարեն Դուրգարյանը, որ համագործակցել է Ֆեյրուզի հետ,  գնահատելով Ֆեյրուզի արվեստը, ասել էր. «Ֆեյրուզը սիրո, աղոթքի երգիչ է: Նա իր ողջ արվեստով եղել է խաղաղության առաջամարտիկ»: 

Ֆեյրուզը համարվում է լիբանանյան ժողովրդական երգի ամենանշանավոր անունը: Երգչուհին ծնվել է Լիբանանում, ուղղափառ ասորի ընտանիքում,  ունեցել է աղքատ մանկություն, փոքր տարիքից երազել է երգչուհի դառնալու մասին: Երիտասարդ տարիքում Ֆեյրուզին նկատել են արաբական արվեստում մեծ անուն ունեցող  Ռահբանի եղբայրները: Ֆեյրուզը սկսել է համագործակցել նրանց հետ, այնուհետև ամուսնացել է եղբայրներից մեկի` նշանավոր երգահան Ասի Ռահբանիի հետ: Ֆեյրուզը  և Ռահբանի ընտանիքը կապեր են ունեցել հայ արվեստագետների հետ` նրանց տան մշտական հյուրերն են եղել Արամ Խաչատրյանը, Ալեքս Մնակյանը, սփյուռքահայ բազմաթիվ արվեստագետներ:

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահը օգոստոսի 4-ի պայթումից հետո երկրորդ անգամ է ժամանում Լիբանան:  Ըստ դիտարկումների, Ֆրանսիան կարևոր դեր  է ստանձնում Լիբանանը ճգնաժամից դուրս բերելու գործում: 

Կիսվել