«ԱՐԻ» գրականության հիմնադրամը հայտարարել է «Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբարի՝ 2020-2021թթ․-ի ծրագրի համար հայտերի հավաքագրման մեկնարկը։
Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 3-րդ փուլ» ծրագրի շրջանակներում իրականացվող ճամբարին կմասնակցեն երիտասարդ գրողներ Հայաստանից եւ Թուրքիայից։ Այս տարվա խորագիրն է «Մշակութային դիվանագիտության ուժը. Գրականություն առանց սահմանների»:
Ծրագիրը հագեցած կլինի բազմազան դասախոսություններով՝ նվիրված գրականությանը և ստեղծագրությանը, գրելու հմտությունների զարգացմանը՝ ինչպես անգլերեն, այնպես էլ մայրենի լեզուներով, ֆոտո, վիդեո կամ թատերագրության դասընթացներ, որոնք կանցկացնեն մասնակից երկրներից կայացած գրող-դասախոսներ եւ հրավիրված մասնագետներ։ Ճամբարի ընթացքում կկազմակերպվեն ընթերցումներ, խմբային քննարկումներ, մշակութային այցելություններ եւ շատ ավելին: Ճամբարի աշխատանքային լեզուն անգլերենն է:
Կախված ստեղծված համաճարակային իրավիճակից՝ դասընթացները կանցկացվեն կամ 2020թ․ նոյեմբերին կամ 2021թ․ գարնանը։ Կազմակերպիչները հոգալու են ճանապարհածախսը, կացության եւ սննդի ծախսերը։
Եթե ճանապարհորդության հետ կապված սահմանափակումները չհանվեն, ապա, ճամբարը կանցկացվի առցանց ձևաչափով։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը լրանում է սեպտեմբերի 20-ին, իսկ պայմաններին կարող եք ծանոթանալ այս հղումով ։