ՈՒՆԿՆԴԻՐ-ՌԱԴԻՈ 90-ԱՄՅԱ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ. ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ Է…

ՈՒՆԿՆԴԻՐ-ՌԱԴԻՈ 90-ԱՄՅԱ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ. ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ Է…

2069

Ի՞նչ նորություններ կան և ի՞նչ սպասել. այս և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել ենք Հանրային ռադիոյի ծրագրերի տնօրեն Նազենի Չորեքչյանի հետ:

-90 տարի լինել յուրաքանչյուր տան մի «անդամ», դժվար չէ՞ արդյոք  ունկնդիրներին պահել ռադիոնդունիչների մոտ այսօր:

-Հանրային ռադիոն ունի հավատարիմ ունկնդիրների հսկայական բանակ: Մենք ունենք ունկնդիրներ, որոնք 20-30 տարի մշտապես հետևում են Հանրայինի ծրագրերին, ովքեր կարող են զանգել և գոհունակություն, նույնիսկ դժգոհություն հայտնել ծրագրի փոփոխության կամ հեռարձակման ժամի հետ կապված:

Ի՞նչն է հետաքրքրում այսօրվա ունկնդրին, այդ առումով ինչպե՞ս եք  կազմում  եթերացանկը:

-Այսօրվա ունկնդրին ամեն ինչ է հետաքրքրում: Կարող ենք նրանց բաժանել ծրագրային բաժինների. մի մասին հետաքրքրում են ժամանցային հաղորդումները, մի մասը կողմնակից է սոցիալական թեմաների, մեկ այլ մասը Հանրային ռադիոն ընդունում է որպես լրատվություն ստանալու աղբյուր, որոշները այստեղ փնտրում են բժշկության և ապահովագրության մասին հաղորդումներ: Մենք ստեղծում ենք հաղորդումներ, որոնք կբավարարեն յուրաքանչյուր ունկնդրի ցանկությունները: Այս առումով մենք ունենք լուրջ և պրոֆեսիոնալ աշխատակազմ, որն ապահովում է այդ ամենը:

Այս  տարի հիմնովին վերանորոգվեց ռադիոյի շրջակա միջավայրը, տեղադրվեցին եթերը խորհրդանշող արձան և անվանաքարեր, իսկ ի՞նչ թարմացումներ եղան ռադիոծրագրերի ցանկում:

-Սեպտեմբերի 1-ին մեկնարկած նոր եթերաշրջանում տեղ են գտել նոր ծրագրեր, կառուցվածքային մեծ փոփոխություններ են եղել, ունենք նաև ձևավորման փոփոխություն, այսինքն, ռադիոյի հիմնական ձայնն է փոխվել, ունենք նոր բլյումներ, անոնսներ, որոնք ամբողջ եթերացանկի հենքի մի հատվածն են: Այսօր ունենք մոտ 75 ռադիոհաղորդում, առաջիկայում կլինեն նորություններ:

-Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը ի՞նչ չափով է օգնում կամ գուցե խոչընդոտում ռադիոյի աշխատանքին:

-Ռադիոն՝ որպես գործիք, օգտագործում է ձայնը, որի միջոցով են փոխանցվում տպավորությունները, զգացմունքները  և հույզերը: Այդ իսկ պատճառով չենք կարող համեմատել հեռուստատեսության հետ, որտեղ աշխատում են պատկերը և ուղեկցող ձայնը: Տպագիր կամ օնլայն մամուլի դեպքում ևս ունենք հսկայական տարբերություններ: Այդ իսկ պատճառով ռադիոն մեկ այլ տեղեկատվական աղբյուրի հետ համեմատելը ճիշտ չէ:

-Հանրային ռադիո, թվային հեռարձակում: Կմանրամասնեք, չէ որ սա նորություն է լսարանի համար:

– Սեպտեմբերից սկսած՝ Հանրային ռադիոյի ունկնդիրներին տրվեց ևս մեկ հնարավորություն որսալու ռադիոալիք: Խոսքը թվային կապուղու մեջ Հանրային ռադիոն հասանելի դարձնելու նախաձեռնության մասին է, որի միջոցով ռադիոն հասանելի է բոլորին: Մենք նորամուծությունները փորձում ենք բերել և հասանելի դարձնել ռադիոլսողի համար: Ռադիոյի շնորհիվ մարդիկ տեղեկանում են ամեն ինչից, ստանում իրենց հուզող հարցերի պա տասխանները, իսկ վերջում զանգահարում և շնորհակալություն հայտնում մեզ` կատարած աշխատանքի համար. ավելի լավ գնահատական դժվար թե լինի:

 

Ռոզա Վարդանյան

5-րդ կուրս

Կիսվել