Առյուծն առյուծ է, էղնի էգ, թե որձ. գնդապետ Աիդա Սերոբյան

Առյուծն առյուծ է, էղնի էգ, թե որձ. գնդապետ Աիդա Սերոբյան

2801

Արցախի «Դոխտուրը»՝ գնդապետ Աիդա Սերոբյանը, 90-ականներին` ստելով մորը, թե մեկնում է Ջերմուկ, խիզախում է մեկնել մի վայր, որի տեղը նույնիսկ քարտեզի վրա չգիտեր։ Պատմում է, որ գործից տուն է եկել, հեռուստացույցով տեսել, որ ոտքից վիրավոր զինվորը Արցախում մահացել է, քանի որ բուժաշխատող չեն ունեցել, և ոչ-ոք չի իմացել՝ լարանը վերքից վերև դնեն, թե ներքև։ Եվ նա այդ պահին որոշել է գնալ Արցախ։
Այս մասին Journalist.am-ին պատմել է Աիդա Սերոբյանը։

«Պոլիկլինիկա գնալու փոխարեն գնացի Առողջապահության նախարարություն, ասացի, որ ուզում եմ գնալ Արցախ. բուժաշխատող եմ։ Պարոն Բաբլոյանը հարցրեց, թե քանի օրով կարող եմ գնալ, ասացի 2 ամսով, զարմացավ», -հիշում է տիկին Աիդան։
Իհարկե կզարմանար. այդ ժամանակ բուժաշխատողներից շատերը մեկնում էին օգնություն ցուցաբերելու 2-3 օրով, իսկ տիկին Աիդայի պատասխանը զարմացրել էր նախարարին։ Եվ հետո մի տարի անց պարոն Բաբլոյանը տեսել էր կնոջը, ով եկել էր խնդրելու, որ իրեն Արցախ ուղարկեն։ Խոստովանում է, որ կարծել է, թե մի քանի օր հետո Աիդա Սերոբյանը հետ է գալու, քանի որ իր առջև տեսել էր բարձրակրունկներով, գնչուական զգեստը հագած խնամված կնոջ։

Երբ Աիդա Սերոբյանին հարցնում են, թե Արցախում հստակ որտեղ է ցանկանում գնալ, նա պատասխանում է, որ նույնիսկ քարտեզի վրա տեղը չգիտի. որտեղ իր կարիքը ամենից շատ կա, էդտեղ էլ թող ուղարկեն։ Այդ պատասխանից հետո 20 րոպեի ընթացքում պատրաստ էր գործուղղման թերթիկը, և երկու օր հետո պիտի գնար Մարտակերտ։

«Ես եկա պոլիկլինիկա՝ աշխատանքից ուշացած, բժշկուհին՝ Սերվինա Մուշեղվնան, շատ խիստ էր, վախվխելով մտա իր կաբինետ և առանց բառ ասելու թուղթը դրեցի սեղանին։ Սերվինա Մուշեղվնան նայեց- նայեց, բան չհասկացավ. «Սա ինչ է»,
«Վաղը չէ մյուս օրը մեկնում եմ Մարտակերտ»,
«Այ աղջիկ, խելագարվել ես, բա երեխաներդ, գնա ասա փոշմանել ես, չես գնում», «Բայց չեմ փոշմանել, գնալու եմ»
։

Հետո գնացի բժշկուհու տեղակալի՝ Դոնարա Խաչիկովնայի սենյակ, ասացի, որ գնում եմ: Ասաց, գնում գնում ես, գոնե մի հատ նկար բեր, եթե հանկարծ զոհվես եսկողմ-ենկողմ չընկնենք, նկարադ ունենանք»,- պատմում է տիկին Աիդան։ Հաջորդ օրը առավոտյան նկարը տարել է, իսկ Դոնարա Խաչիկվնան ասել է.
«Դե ասա, տեսնեմ, որ զոհվես, ինչ ենք անելու»։ Տիկին Աիդան ասել է, որ շքամուտքի մոտ ցայտաղբյուր կդնեք նկարս վրան, իսկ քարի վրա էլ կգրեք.
«Քանի սրտեր սիրուց խոցված
Թողիր գնացիր,
Դու ինքդ սեր,
Սիրուց կարոտ մնացիր»:

Երկու օր հետո պոլիկլինիկայի աշխատողները ճանապարհում են տիկին Աիդային Մարտակերտ։ Բոլորը լացում են, իսկ Տիկին Աիդան գոհ է իր որոշումից։ «Գնդապետը՝ պարոն Բաբլոյանի տեղակալը, ինձ սեղմեց կրծքին, ճակատս համբուրեց, ասաց՝ Աստված քեզ հետ»,- հիշում է տիկին Սերոբյանը։ Նա շատ է զարմանում գնդապետի արարքից. մտածում՝ մեծ էլ մարդ էր, ինչու այդպես վարվեց։

Այս հարցի պատասխանը իր ներսում գտնում է միայն Արցախ հասնելուց հետո, երբ իմանում է, որ իրենցից երկու օր առաջ մեկնած ուղղաթիռը վայրէջք չի կատարել. օդում խփել են։ Համարձակ հայուհին Մարտակերտի գոսպիտալ չի հասնում, քանի որ այդ ժամանակ Մարտակերտը գնդակոծում էին, և ուղղաթիռը իջել է Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի սարի գլխին։

«Ուղղաթիռը կանգնել էր առանց շարժիչն անջատելու, ես արագ պիտի իջնեի, որ հասցներ գնար, հանկարծ չռմբակոծեին։ Պոլիկլինիկան 12 արկղ օգնություն էր ուղարկել (ջեմ, լուցկի, մոմ) ինձ հետ Արցախ։ Ես իջա էդ սարի գլխին կաբլուկներով, երկար յուբկայով, հիմա քամին յուբկաս տանում-բերում ա, ձիավորներ եկան ուղղաթիռի մոտ, մեկը նոր թոնրից հանած կուկուռուզի ալյուրից կարմիր տաք հաց տվեց, ես էլ սոված էի»,- ժպիտով էր հիշում տիկին Աիդան։ Նա վերցրել և կերել է, իսկ ձիավորները կարծել են, թե Քերոլայն Քոքսի պես հայտնի մեկն է, ով օգնություն է բերել Արցախ։ Այդ պահին օդաչուն ասել է, որ բուժաշխատող է, և Մարտակերտ պիտի գնային, սակայն Մարտակերտը չի կարողացել ընդունել, սարի գլխին են իջել։

Երբ գնացել են Հաթերք գյուղ, հիվանդանոցի գլխավոր բժիշկը առաջարկել է մնալ այնտեղ, սակայն տիկին Աիդան այնտեղ երեք օր է մնացել, քանի որ գնդապետը եկել, ասել է՝ Մարտակերտում դոկտուր է պետք, տղերքը վախենում են։ Տիկին Աիդան հիշում է, որ 2 օր է, ինչ Հաթերքում է եղել։
Երբ սկսել են ռմբակոծել գյուղը, բոլորը պառկել են, բայց քանի որ անձրև է եղել, իսկ գետինը ցեխ, տիկին Այդան չի պառկել, չնայած նրան, որ բոլորը գոռացել են. «Պառկի՛ր, այդպես նստած եղիջները քեզ չեն պաշտպանի»։

Հիմա երբ հիշում է, սարսռում է՝ ոնց կարող էր մտածել չկեղտոտվելու մասին, երբ իր կյանքին էր վտանգ սպառնում։ Սկզբում ոչ մեկի ասածը չի հասկացել տիկին Սերոբյանը, միայն դոխտուր բառը հիշում է , որ գյուղացիներից մեկը անընդհատ ասել է. «Էն հարսը հղեց ընկավ, հղեց ընկավ»։ Տիկին Աիդան էլ ասել է, որ այդքան հղի եք ասում, ես այստեղ հղի չեմ տեսել, տիկին Լուսիկն էլ ասել է.
«Աա դոխտուր մատաղ ինեմ հղեցը ճանապրհն ա, հարսը ճանապարհ ընկավ գնաց Երևան»։

Մի անգամ էլ գնացել է շատ սոված գյուղացիներից մեկի տուն՝ հիվանդին զննելու։ Տան տիկինն ասել է, որ դոխտուր բուբուլով ճաշ ունիմ կուտիս։ Սկզբում չի հասկացել, իսկ հետո պապը բացատրել է, որ բուբուլը դա դդմի փոքր տեսակն է, և այդ ժամանակ նոր տիկին Աիդան քաղցը հագեցրել է։ Կարճ ժամանակ անց մեր հերոսը շատ վարժ կարողացել է խոսել Արցախի բարբառով և թյուրիմացության պատճառ դարձել. նոր եկող մարդիկ չեն հավատացել, որ նա Երևանից է։

Տիկին Աիդան բուժաշխատող էր, ով պետք է օգնություն ցուցաբերեր մի շարք համայքներում, որոնք իրարից հեռու էին, իսկ այդ ժամանակ մեքենաներ շատ քիչ են եղել, բայց նա ճանապարհ գնալու խնդիր չի ուենցել. նա ձի է ունեցել։ Ձիուն հիշելուց հպարտությամբ ասում է. «Ես ձի ունեի՝ Մաշինկաս»։

Մինչև Արցախ գնալը ձի միայն կենդանաբանական այգում է տեսել, բայց Ղարաբաղում առաջին փորձից կարողացել է շատ վարժ հեծնել և քշել, իսկ հետո ձի են նվիրել, որի անունը Մաշինկա է դրել։ Այսօր նա կարոտով է հիշում այդ օրերը, չնայած հիմնականում սոված են եղել, հոգնած, բայց ինչպես ինքն է ասում, ազնիվ էին, կամեցող, կարեկից, երբ մեկի մոտ հաց էր հայտնվում, բոլորին էր բաժին հասնում, իսկ պատերազմի դաշտից հեռու մարդիկ 5000 դրամի համար իրար էին սպանում։

Ժպիտը դեմքին ուրախության արցունքների միջից, հիշեց, որ երբ արդեն վերջացել է պատերազմը, և ինքը վերադարձել է Երևան, մի գիրք է նվեր ստացել՝ զոհված ազատամարտիկների մասին գիրքը, որը 1996 թվականին տպագրվել է Հալեպում։ Գիրքը կոչվում է «Անկրկնելիներու ժամանակը»։

«Երբ գիրքը նվիրեցին, ես առանց վայրկյան կորցնելու միանգամից բացեցի, և սկսեցի թերթել էջերը. չէի կարդում հոդվածները միայն թերթում էի։ Նայում էի. այնտեղ իմ զինվորներն էին, որոնց ես օգնել էի, բայց նրանք մահացել էին հոսպիտալներում։ Գիշերը 11-ն էր արդեն բայց չէի կարողանում կտրվել գրքից։ Հասել էի 1994 թվականի զոհերին, մտածեցի, ըհն, ոչինչ, քիչ մնաց, սա էլ և կվերջացնեմ, տուն կգնամ, հետո նոր կկարդամ հոդվածները», -թախիծով է հիշում տիկին Աիդան։

Նա մի քանի թերթ թերթելուց հետո տեսել է իր նկարը սև շրջանակի մեջ և գրված, որ ծննդյան թիվը անհայտ է, բայց զոհվել է 94 թվականին։ Մեծ մահախոսական գրված իր մասին, իսկ վերնագիրը հետևյալն է եղել.
«Ապրողներիս անունից շնորհակալություն Աիդա»:

«Ուրախությանս չափ ու սահման չկար. երեք անգամ կարդացի, բայց ոչինչ չհիշեցի ուրախությունից»,- ժպիտը դեմքին հիշում է տիկին գնդապետը։ Նա մեզ պատմեց, որ երբ իր ընկերներից մեկը մահանում էր և Լեռնային Ղարաբաղ թերթը ընկնում էր իր ձեռքը, ինքը կարդում ու միշտ մտածում էր, եթե մահանա, իր մասին ինչ կգրեն։ Նույնիսկ հիշեց, երբ մի անգամ նահանջել են Դրմբոնի անտառում էլի տղաներից մեկի մահախոսականն են կարդացել, ինքը թերթը սեղմել է կրծքին ու ասել, որ Աստված ջան երանի 5 րոպեով զոհվեմ, տեսնես ինչ կգրեն իմ մասին։

Եվ արդեն պարզ է, թե ինչու էր այդքան ուրախ տիկին Աիդան, երբ տեսել էր իր մահախոսականը։ Նրա երազանքը կատարվել էր, նա արդեն գիտեր ինչ կգրեին իր մասին։ Նա անգիր է արել բանաստեղծությունը, որը իրեն են նվիրել հետմահու։ «Այն ով է ասել հրաշքներ չկան,
Հապա մի նայեք այս լույս աղջկան,
Որ հայ ֆիդայու հագուստ է կրում,
Որ կրակի տակ փամփուշտ է կրում,
Կռվում, ընկածին եղբոր պես գրկում,
Վիրակապում է, կյանքեր է փրկում,
Այսպես է եղել, այսպես է հիմա, այսպես կլինի»
։

Տիկին Սերոբյանն ասում է, որ պատկերացնում եք՝ ես 16, թե 17 մեդալ եմ ստացել, բայց ինձ համար իմ արածի ամենամեծ գնահատականը այդ մահախոսականն էր։ Աչքերին միշտ կանաչ ստվերաներկ է, որը համզգեստի հետ է համադրել։
Վառ, կենսախինդ, թևեր տվող տիկին Աիդան, որի ժպիտը հույս է, իսկ ներկայությունը՝ զգաստացնող և պարտավորեցնող։

Գնդապետ Աիդա Սերոբյանի հետ զրուցեց Սերինե Աղաբեկյանը

Կիսվել