ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը: Խորհրդարանի սեպտեմբերի 4-ի արտահերթ նիստում կքննարկվի մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթը, որով հնարավորություն կընձեռվի այլևս չերկարաձգել Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը:
ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը նախագծերի փաթեթը ներկայացնելիս տեղեկացրեց՝ նախատեսել են, որ սեպտեմբերի 11-ից արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել նախագծերով առաջարկվող միջոցառումները:
Ըստ փոխնախարարի, վարակիչ հիվանդություններ Հայաստանի տարածք ներթափանցման, դրանց ծագման և տարածման վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին: Կարանտին հնարավոր է սահմանել առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ, մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից և կառավարության կողմից տարբեր տարածքներում: Համաճարակի գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում, պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում, անձանց ազատ տեղաշարժի իրավունքի կամ տրանսպորտային միջոցի տեղաշարժի սահմանափակումներ, ինքնամեկուսացում/մեկուսացում:
Ըստ Գրիգորյանի, այն դեպքերում, երբ կարանտին կսահմանվի կառավարության կողմից, հնարավոր կլինի կիրառել նաև ավելի խիստ միջոցառումներ՝ հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ, իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում, ապրանքների փոխադրման սահմանափակումներ, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ, սահմանափակումներ ՏԻՄ-երում կամ այլ հաստատություններում: Գրիգորյանը պարզաբանեց, որ արտակարգ դրությունը կարանտինային նոր ռեժիմից տարբերվում է իրավունքների սահմանափակման ծավալներով, խստությամբ և կիրառվող գործիքակազմի ինտենսիվությամբ:
Բացի այդ, նախատեսված է, որ այլևս չեն գործի էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով մարդկանց տեղորոշման համակարգը, իսկ մինչև հիմա հավաքված տվյալները կոչնչացվեն:
Ըստ փոխնախարարի, չեն գործի տնտեսական գործունեության արգելման դեպքերը, բացառությամբ եթե կոնկրետ տնտեսվարողի տարածքը հանդիսանա վարակի աղբյուր, հնարավոր է այնտեղ ևս կարանտին սահմանվի: