«ԻՄ ԳԱՂՏՆԻ ԳՐՔԱՍԵՐ». ԳՐՔՈՏ ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԿԻՆԻՍՏՈՒՄ

«ԻՄ ԳԱՂՏՆԻ ԳՐՔԱՍԵՐ». ԳՐՔՈՏ ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԿԻՆԻՍՏՈՒՄ

2016

Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ «Բուկինիստ» ընկերությունը և Արարատյան Հայրապետական թեմը փետրվարի 10-ին կազմակերպել էին միջոցառում-ակցիա հատուկ գրքասերների համար. «Սիրո խոստովանություն՝ գրքով»:

Ակցիայի իմաստը կայանում էր նրանում, որ մարդիկ փետրվարի 4-9-ը հնարավորություն են ունեցել գնել ցանկացած գիրք 20% զեղչով «Բուկինիստ» գրախանութից, թողնել գաղտնի էջանշի մեջ այն մարդու կոնտակները, ում ցանկանում են նվիրել գիրքը, ապա այն թողնել  Բուկինիստի ցանկացած  մասնաճյուղում: Այնուհետև մասնակիցներին հայտնել են իրենց անակնկալի մասին:

Մեզ հետ զրույցում Բուկինստ գրախանութի PR մենեջեր Անի Ղազարյանն ասաց, որ այս տարի  Բուկինիստ գրախանութի հիմնադրման 85-րդ ամյակի առթիվ բազմաթիվ գրքոտ միջոցառումներ են պատրաստվում անել, հատկապես նվիրված հայկական տոներին. «Այս անգամ ընտրել ենք Սուրբ Սարգսի տոնը: Գաղափարը ծնվել է խոսակցության ընթացքում: Առաջին տասը գիրքը, որ եղավ, ուրախացել էինք, որ մարդիկ մասնակցում են. միանգամից երկու օր անց մասնակիցների թիվը դարձավ 65: Ամբողջ ընթացքում 130-ից ավելի գրքասեր/գրքասիրահար է մասնակցել: Նպատակն էր միավորել բոլոր սիրահարներին»:

Այն հարցին, թե որ գրքերն են ամենաշատը գնել, Անի Ղազարյանը պատասխանեց. «Մասնակիցները գնել են շատ տարբեր գրքեր, մեծ մասը՝ «Փոքրիկ իշխան», «Աստղերն են մեղավոր», Ջոջո Մոյես, Նարինե Աբգարյան և այլն»:

Ընկեր-ընկերուհի, թե պարզապես սիրահարված անծանոթ. բոլորին էր հետաքրքրում, թե ով է նվիրել, բայց Բուկինիստը պահել է գաղտնիությունը:

Եզրափակելով խոսքը Անի Ղազարյանն ասաց. «Շատ ուրախ եմ, որ արդեն որերորդ անգամ մեր հետաքրքիր գաղափարը բուռն արձագանք է ունեցել, որը կդարձնենք ամենամյա»:

Մասնակիցները կարող էին հրապարակել իրենց նվերները #իմգաղտնիգրքաՍԵՐ հեշթեգով:

Կիսվելով միջոցառման տպավորություններով, մասնակիցներից մեկն ասաց. «Շատ հետաքրքիր և օրիգինալ գաղափար էր: Անսպասելի էր. ես մտել էի խանութ գիրք գնելու և հանկարծ իմացա միջոցառման մասին ու որոշեցի կնոջս անակնկալ անել: Եվ փաստորեն կինս էլ նույն նպատակով էր եկել: Ճիշտ է անակնկալը լիարժեք չստացվեց, քանի որ իմացանք մեկս մյուսի անակնկալի մասին, սակայն այդ պահին ավելի գեղեցիկ ստացվեց ամեն ինչ»:

Իսկ մասնակիցներից մեկն էլ չգիտեր՝ ով է իր անակնկալի հեղինակը. «Շատ հուզված եմ ու հաճելիորեն զարմացած: Սկզբում չէի ուզում վերցնել, ամաչում էի: Բայց քանի որ շատ հաճախ եմ գիրք կարդում, այս անակնկալ գիրք-նվերս ևս մեծ հաճույքով կկարդամ»:

Բուկինիստի գրքոտ միջոցառումները կլինեն շարունակական:

 

Լիանա Գրիգորյան

2-րդ կուրս

Կիսվել