2020թ սեպտեմբերի 4-ին Պրահայի Վինոհրադյան հիվանդանոցում 66 տարեկան հասակում կյանքից հեռացավ հայ ժողովրդի նվիրյալ բարեկամ, հեռուստալրագրող, հրապարակախոս, հայտնի մտավորական Դանա Մազալովան։
Դանա Մազալովան լուսաբանում էր Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը։ Նա բազմիցս անդրադարձել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտին, մասնավորապես՝ Խոջալուի դեպքերին, պնդելով, որ ադրբեջանական կողմը խեղում է ճշմարտությունը։
Դանա Մազալովայի հեղինակած հարցազրույցում, որը տպագրվել է «Независимая газета»-ում, Ադրբեջանի արդեն նախկին նախագահ Այազ Մութալիբովն ասել է, որ Խոջալուի կոտորածները կազմակերպել են ադրբեջանցիները՝ դրանով ցանկանալով ստիպել նրան հրաժարական տալ։
Նշենք նաև, որ twitter-ի պաշտոնական էջում իր ցավակցությունն է հայտնել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը.
«Ցավով իմացա չեխ իրավաբան, լրագրող Դանա Մազալովայի մահվան լուրը, ով Արցախի ազատամարտի տարիներին հաղորդում էր ադրբեջանա-ղարաբաղյան կոնֆլիկտի մասին՝ ապահովելով օբյեկտիվ, փաստերի վրա հիմնված տեղեկատվություն միջազգային տարբեր հարթակներում։ Դանա Մազալովան առանձնանում էր սկզբունքային դիրքորոշմամբ և անկողմնակալությամբ, որոնք բնորոշ են պրոֆեսիոնալ լրագրողներին։ Հայտնում եմ իմ անկեղծ ցավակցությունները ընտանիքին և ընկերներին՝ կիսելով նրանց վիշտը»,-գրված է ԱՀ նախագահի twitter-ի էջում։