«ԴՈՒՔ ՄԵԶ ԵՔ ՊԵՏՔ, ՄԵՆՔ` ՁԵԶ». ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«ԴՈՒՔ ՄԵԶ ԵՔ ՊԵՏՔ, ՄԵՆՔ` ՁԵԶ». ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

1689

Փետրվարի 15-ին  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը  հանդիպում ունեցավ ԵՊՀ ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Հանդիպման սկզբում նա շատ հակիրճ, ինչպես ինքն ասաց «ափալ-թափալ» ներկայացրեց կառավարության 5 ամիսների ընթացքում կատարած աշխատանքը տարբեր ոլորտներում, ինչպես նաև իրենց տեսլականը, որպեսզի ուսանողների հետ շփվելու, խնդիրներին ծանոթանալու և հարցերին պատասխանելու  ժամանակ ավելի շատ մնա:

Ինչպես միշտ ժուռնալիստիկայի ֆակուլտետն աչքի ընկավ իր ակտիվությամբ, ինչը չէր  կարող վրիպել վարչապետի աչքից. նա ևս մեկ անգամ շեշտեց լրագրողների` հասարակության մեջ կարևորագույն դերի մասին: Հարցերը բազմաթիվ էին ու բազմազան` սկսած քաղաքականությունից մինչև գիտություն: Դրանցից յուրաքանչյուրին պարոն Կարապետյանը տվեց սպառիչ պատասխան: Իսկ այն ուսանողներին, ովքեր առաջարկում էին որևէ ծրագիր, վարչապետը հորդորեց ներկայացնել այդ նախագծերը:

Հանդիպման ընթացքում ուսանողները բարձրացրին պաստառներ, որոնց վրա գրված էր նրանցից շատերին հուզող հարց: Ուսանողներից մեկը նշեց, որ գերազանց առաջադիմությամբ սովորողները շատ են, իսկ զեղչի համար սահմանված տեղերը` քիչ: Հարցին վարչապետը տվեց հուսադրող պատասխան.«Սա ևս մեզ հետաքրքրող և մեր կողմից քննարկվող թեմա է, այն իր լուծումը անպայման կգտնի, ինչի մասին մենք ձեզ կտեղեկացնենք»:

Հանդիպման վերջում պարոն Կարապետյանը երիտասարդներին հորդորեց ակտիվ լինել, մասնակցել իրենց նախագծերին. «Ես բազմիցս ասել եմ, որ ակտիվ լինեք, ձեր կարծիքը հայտնեք, հարմարվող մի եղեք, ակտիվ  մասնակցեք մեր նախագծերին, մենք ամեն ինչում ձեր կողքին կլինենք, քանի որ դուք մեզ եք պետք, մենք` ձեզ»:

Որպես հավելում նշեմ, որ հանդիպումն անցավ շատ ջերմ, անկաշկանդ,անմիջական, ինչու չէ, նաև ընկերական մթնոլորտում:

Մերի Կիրակոսյան

2-րդ կուրս

Կիսվել