«Առաջ, Հանրապետություն» ֆրանսիական կենտրոնամետ լիբերալ քաղաքական կուսակցության համահիմնադիր Աստրիդ Փանոսյանը Ելիսեյան պալատում տեղի ունեցած արարողության ժամանակ ճանաչվել է Մերիտի ազգային շքանշանի ասպետ։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։
Աստրիդ Փանոսյանին «Վաստակի համար» ազգային շքանշանով պարգևատրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Իմ ամենաջերմ շնորհավորանքները Աստրիդ Փանոսյանին Ելիսեյան պալատում գեղեցիկ արարողության ժամանակ Մերիտի ազգային շքանշանի ասպետ ճանաչվելու և նախագահ Էմանուել Մակրոնի կողմից «Վաստակի համար» ազգային շքանշանով պարգևատրվելու առիթով։
Արժանի պարգև այս նվիրված ու սրտացավ կնոջ համար»,- գրել է Հասմիկ Տոլմաջյանը։
Փանոսյանը զբաղեցրել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության և թվային տեխնոլոգիաների նախարարի խորհրդականի և նրա աշխատակազմի անդամի պաշտոնը։
Աստրիդ Փանոսյանը նաև Ֆրանսիայի կոմերցիայի Բարձրագույն դպրոցի, ինչպես նաև Փարիզի Քաղաքական հետազոտությունների IEP ինստիտուտի շրջանավարտ է, Հարվարդի համալսարանի պետական կառավարման բաժնի մագիստրոս: