«Օսկարը» փոխում է կանոնները

«Օսկարը» փոխում է կանոնները

520

Սեպտեմբերի 8-ին Կինոարվեստի և գիտության ակադեմիան հրապարակեց նոր ուղեցույց «Լավագույն կինոնկար» մրցանակին հավակնող ֆիլմերի համար։ Նոր չափորոշիչները բաժանվում են 4 կատեգորիաների։ «Օսկար» մրցանակաբաշխության գլխավոր անվանակարգում հաղթելու համար ֆիլմը պետք է համապատասխանի չորս կատեգորիաներից առնվազն երկուսին։

Ակադեմիան չափորոշիչները բաժանել է չորս խմբի։
Առաջին խմբի չափորոշիչները վերաբերում են սցենարին ու հերոսներին.

* Առնվազն 1 գլխավոր կամ նշանակալի օժանդակ դերասան պիտի ներկայացնի էթնիկ կամ ռասսայական փոքրամասնություն, կամ
* Երկրորդական կամ ավելի փոքր դերերում դերասանական կազմի առնվազն 30%-ը պիտի ներկայացնի էթնիկ փոքրամասնություն, կամ
* Պետք է լինի հիմնական պատմություն կամ առարկա, որ կկենտրոնանա թերի ներկայացված ինքնության խմբերի վրա։

Երկրորդ խմբի չափորոշիչները վերաբերում են ստեղծագործական թիմին.

* Մեծ բաժինների առնվազն երկու ղեկավարներ, ինչպիսիք են՝ խմբագիր, ռեժիսոր, դիմահարդար և վարսահարդար, դիզայներ, ձայնային ռեժիսոր, պետք է լինեն թերի ներկայացված ինքնության ներկայացուցիչ, իսկ նրանցից գոնե մեկը պիտի լինի էթնիկ կամ ռասսայական փոքրամասնության ներկայացուցիչ, կամ
* Անձնակազմի առնվազն վեց անդամ պետք է լինեն էթնիկ կամ ռասսայական փոքրամասնության ներկայացուցիչ, կամ
* Անձնակազմի առնվազն 30%-ը պետք է լինի էթնիկ կամ ռասսայական փոքրամասնության ներկայացուցիչ։

Երրորդ խմբի չափորոշիչները վերաբերում են վճարովի պրակտիկաներին, որ ֆիլմ արտադրող կազմակերպությունները առաջարկում են Հոլիվուդում թերի ներկայացված մարդկանց խմբերի։

* Կազմակերպությունները պետք է տրամադրեն վճարովի պրակտիկայի հնարավորություն տարբեր ստորաբաժանումներում թերի ներկայացված ինքնության ներկայացուցիչներին, իսկ հետո նրանց իսկապես ապահովել աշխատանքով, և
* Պետք է առաջարկեն թերի ներկայացված ինքնության ներկայացուցիչներին պրակտիկայի կամ աշխատանքի հնարավորություն ցածր կամ միջին պաշտոններում։

Չորրորդ խմբի չափորոշիչները վերաբերում են «հանդիսատեսի զարգացմանը», ինչը ենթադրում է, որ ֆիլմ արտադրող կազմակերպությունների մարքեթինգի, հրապարակայնության կամ վաճառքի թիմերում պիտի ներգրավված լինեն թերի ներկայացված ինքնության ներկայացուցիչներ։

Հեղինակ՝ Լուսինե Մանվելյան

Կիսվել