ԴԵՊԻ ՆԵՐԿԵԼՈՒ ԵՎ ԵՐԳԵՐ ՍՈՎՈՐԵԼՈՒ

ԴԵՊԻ ՆԵՐԿԵԼՈՒ ԵՎ ԵՐԳԵՐ ՍՈՎՈՐԵԼՈՒ

2337

Այս կիրակի Սարգիս Մուրադյանի պատկերասրահը լիքն էր փոքրիկներով: Նրանք չէին եկել Մարիամ Սուխուդյանի նկարները դիտելու, այլ` ներկելու:

Մարիամ Սուխուդյանը հետաքրքիր մտահաղացում է ունեցել երեխաներին ներգրավելու իր ցուցահանդեսին: Նկարները ներկայացված էին «ներկիր ինքդ»-ի տեսքով:

«Ինձ շատ է դուր գալիս սիրուն նախշեր ներկելը, ես երեկ էլ էի այստեղ, այսօր էլ եկա ու ափսոս, որ պրծնում է»,-ասում է փոքրիկ Տաթևիկը:

Մարիամ Սուխուդյանի նախշերում բնությունն է, կենդանիները: Իր համար էլ է դժվար մեկնաբանել այն, ինչ ծնվում է պահի տակ: Այս ամառ էլ ծովում հանգստանալիս քարերի վրա է փորձել նկարել ու ստացվել է:

«Նկարել սկսել եմ պոլիտեխնիկում, ձանձրացնող դասաժամերին: Սկզբում տետրի հետևում խզբզոցներ էին, հետո դարձան գծեր, գույներ, այսօր արդեն՝ ցուցահանդես»:

Սուխուդյանին շատերը հիշում են որպես քաղաքական ակտիվիստ: Հեռանալով քաղաքական հայացքներից, չհասկացված լինելուց, առանձնացել է գյուղում և միայն նկարում է: Իր ներքին խաղաղությունը հենց նախշերն են:

Վերջում հյուր եկան «Խաչեր» երգչախմբի երաժիշտները և երեխաներին սովորեցրին հայկական ժողովրդական երգեր:

Միջոցառումը համեմված էր փոքրիկների աշխույժ տրամադրությամբ, Մարիամի վերագտած ժպիտով, երգերով ու քաղցրավենիքով:

 

 

Օֆելի Մարգարյան

3-րդ կուրս

 

Կիսվել