Բեյրութի հրդեհը հայկական թաղամասերին և նավահանգստից դուրս հատվածներին նյութական վնաս չի հասցրել....

Բեյրութի հրդեհը հայկական թաղամասերին և նավահանգստից դուրս հատվածներին նյութական վնաս չի հասցրել. Շիրազ Ջերեջյան

454

Լիբանանահայ լրագրող Շիրազ Ջերեջյանը Journalist.am-ին հայտնեց, որ Լիբանանի քաղաքացիական անվտանգության ծառայության կամավորներին և Բեյրութի հրշեջներին մի քանի ժամվա աշխատանք է պետք, որ կարողանան մարել Բեյրութի նավահանգիստում բռնկված հսկայական հրդեհը, որ սարսափ էր առաջացրել մայրաքաղաքի բնակիչների մոտ։

«Բանակն ու ապահովական ուժերը շրջափակեցին նաւահանգիստ առաջնորդող փողոցները եւ արգիլեցին քաղաքացիններու նաւահանգիստ մուտքը, իսկ առողջապահական մարմինները շրջանի բնակիչներէն պահանջեցին կրել թաց դիմակներ`պաշտպանուելու համար ծուխէն»,-ասաց Շիրազ Ջերեջյանը։
Նրա խոսքով՝ նավահանգիստի ընդհանուր տնօրեն Պասեմ Քայսին հայտարարեց, թե հրդեհը բռնկված է նավահանգիստի ազատ գոտու (Free zone) մթերանոցներից մեկի մեջ, ուր մթերված էր BCC ընկերությանը պատկանող մեծաքանակ ձեթ:

«Հրդեհը նախ սկսած է ձէթերու մթերման հատուածին մէջ եւ ապա ընդարձակուելով հասած մթերանոցին մօտ կուտակուած անիւներուն, պատճառելով Պէյրութին ու մօտակայ շրջաններուն վերեւ յայտնուած սեւ ծուխը»,- նշեց Շիրազ Ջերեջյանը:
Նավահանգիստի ընդհանուր տնօրեն Պասեմ Քայսին նշել է, որ հրդեհի բռնկման պատճառների մասին վարկածներ դեռևս չկան։

«Սակայն նաւասհանգիստի աշխատակիցներէն մէկը յայտնեց, որ հրդեհը բռնկած է եռակցումի աշխատանքներու ընթացքին»,-ասաց Շիրազ Ջերեջյանը:
Նա ասաց, որ նկատի առնելով օգոստոս 4-ին նույն վայրում տեղի ունեցած աղետալի պայթունը՝ շրջանի քաղաքայինները՝ ներառեալ հայկական թաղամասերի բնակիչները, վերստին ապրեցին մեծ պայթունի վախը։

«Սակայն հայկական թաղամասերուն եւ ընդհանրապէս նաւահանգիստի տարածքէն դուրս նիւթական վնաս չկայ այս հրդեհին պատճառով»,-նշեց նա: Նաև ասաց.
«Լիբանանահայութեան վերականգնումի մարմինը կը շարունակէ իր աշխատանքները՝ արժեւորելով Օգոստոս 4-ի պայթումէն լիբանանահայ քաղաքայիններու բնակարաններուն, վաճառատուներուն եւ ունեցուածքին հասած վնասները»:

Շիրազ Ջերեջյանը փոխանցեց, որ շուտով նյութական հատուցում կտրամադրվի օգոստոսի 4-ի պայթյունից վնասներ կրած ընտանիքներին.
«Արդէն իսկ կընթանան վերակառուցման աշխատանքները մանաւանդ Նոր Հաճըն, Մար Միխայէլ եւ Պուրճ Համուտ հայաշատ շրջաններուն մէջ՝ սեփական նախաձեռնութիւններով եւ հայկական կազմակերպութիւններուն օժանդակութեամբ»,-եզրափակեց Շիրազ Ջերեջյանը:

Հեղինակ՝ Լուսինե Հակոբյան

Կիսվել