Վահան Տերյանի մեծության ֆենոմենը նորովի բացահայտվում է անգամ 100 տարի անց։ Նրա ժառանգ Գևորգ Էմին-Տերյանը հավաքագրել է մի շարք ձեռագրեր և կազմել «Վ. Տերյանի անհայտ նախաձեռնությունը» գիրքը: Այն ոչ միայն Տերյանի գործունեության, այլ ընհանրապես պատմագիտական մի նոր բացահայտում է։
1915 թ. դեկտեմբերին Տերյանը շատ դիմումներից հետո, վերջապես, գալիս է Երևան և «Ցարսկայա» փողոցում գտնվող որբանոցում երեխաներին հանձնարարում է գրել շարադրություններ։ 8-15 տարեկան որբ երեխաները պատմում են ցեղասպանությունը։ Չունենալով ինչ-որ նախատրամադրվածություն, քաղաքական-կուսակցական հայացքներ՝ նրանք պատմում են դեպքերն այնպես, ինչպես եղել են։ Մանկական անկեղծ ձեռագրերի տակ թաքնված են տարբեր հոգեվիճակներ։ Հեղինակը նշում է, որ տեղ-տեղ մեխանիկորեն գրված և ջնջված է «հաց» բառը, որը հոգեբանորեն խոսում է որբերի սոված լինելու մասին։ Տեքստերից մեկում մի երեխա գրում է գորտի մասին պատմություն․ «Գնացի դաշտ, մի գորտ գտա, գորտի ոտքերն ու ձեռքերը պոկեցի, արագիլը եկավ գորտին կերավ»։ Երեխան իր հետ կատարված ամեն ցավ․ծնողների կորուստը, աչքերի առաջ մահը, սովը… կապում է իր արած միակ վատ արարքի՝ գորտի սպանության հետ։
Գևորգ Էմին-Տերյանը գիրքը նմանեցնում է «Աննա Ֆրանկի օրագրին»։ Տարբերությունն այն է, որ հրեա աղջիկը պատմում է դեպքերը Հոլոքոստը չտեսած, նկուղում թաքնված, մինչդեռ երեխաները տեսել են ցեղասպանությունը։
Այդ տարիներից ի վեր «որբություն» բառը կապված է Հայաստանի հետ։ «Որբ» բառը յուրաքանչյուր ցեղասպանություն ապրածի ճակատագիրն է, ինչպես նաև Վ․ Տերյանի, ում հիվանդությունը հենց այդ շրջանից էլ սրվել էր։
Գևորգը գտել է որբերից մեկի միակ ժառանգին՝ Հրաչ Միքայելյանին, ով Քաբիլե Մանուկյանի թոռն է։ Հեղինակը խոստովանում է, որ ինքը աչքի է ընկել միշտ ինչ-որ ուշացումներով, բայց իր կյանքի ամենացավոտ ուշացումը կապում է գրքի հետ, որովհետև Քաբիլեի աղջիկը անհամբեր սպասել է գրքին, բայց անցած տավա նոյեմբերին մահացել և չի հասցրել տեսնել։
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով՝ իր ընկեր Գևորգը հանճարին արժանի ժառանգ է, ով չի խնայում իր աշխատած ամբողջ գումարը գրողին նորովի բացահայտելու համար․
«1 տարում գրեց մի ամբողջ բնագրություն, ուսումնասիրեց բազմահազար փաստեր․…ամեն օր նոր հուշեր, նոր բացահայտումներ… հազիվ ենք ուղարկել տպարան, որ էջերը սահմանվածից շատ չլինեն։ Սա գիրք է, որը տալիս է պատկերացում և, որը, գրվել է արցունքներով»։
Օֆելի Մարգարյան
3-րդ կուրս