Անիի ձայնը Արցախում. Արցախի հանրային ռադիոն եթերում է

Անիի ձայնը Արցախում. Արցախի հանրային ռադիոն եթերում է

815

Արցախի հանրային ռադիոյի փոքրիկ ընտանիքում այժմ կարող ենք հանդիպել Անի Մինասյանին: Անին Արցախի հանրային ռադիոյի փոքրիկ ընտանիքին է միացել 2020 թվականի օգոստոսի 4-ին։ Նրա ձայնը շատերին ծանոթ է դեռ Հայաստանի հանրային ռադիոյի եթերներից։

«Հայաստանի հանրային ռադիոյի աշխատակիցներով հուլիսի սկզբին մեկ շաբաթով գնացել էինք` արցախցի մեր գործընկերներին օգնելու: Հենց այդ աշխատանքից հետո էլ առաջարկը եղավ»,- ժպիտով նշում է Անին։
Ռադիոհաղորդավար Անի Մինասյանի կյանքը այդ մեկ շաբաթվանից հետո փոխվում է։ Արցախցի գործընկերներին մեկ շաբաթն էլ հերիք էր Անիին իրենց տնօրենի կարգավիճակում տեսնելու համար։ Առաջարկը լինում է, իսկ Անին մեծ սիրով ընդունում է այն։

«Հատուկ ոչինչ չի եղել: Ամեն ինչ եղավ 17 օրում: Ամեն ինչ՝ առաջարկից մինչև արցախյան կյանքի սկիզբը»,-ասում է Անին։ Հիշում է՝ առաջին մեկ ամսում շատ դժվարություններ է ունեցել, բայց նա ամեն դժվարություն հաղթահարել է սիրով․ «Մեկ ամիս հյուրանոցում եմ ապրել. Ստեփանակերտում վարձով բնակարան գտնելը լուրջ խնդիր է»,-ասում է ռադիոտնօրեն Անի Մինասյանը: Անիի համար Արցախում ապրելը դարձել է բավականին հեշտ, նա առաջ միայն հասկանում էր արցախյան բարբառը, այժմ նաև խոսում է։

Արցախի հանրային ռադիոն օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը ռադիոհաղորդումներ չի ունեցել, քանի որ 5 ժամանոց ռադիոեթերներից անցնում էր 24 ժամանոց եթերների։ Ռադիոհաղորդումներ չլինելու պատճառով Անին աշխատել է միայնակ։
«Սկզբում մենակ էի, հետո աշխատակիցները տեսան, ոգևորվեցին ու սկսեցին ինձ հետ միասին աշխատել, իսկ դրանից հետո ոգևորված միացան նաև ընտանիքների անդամները»,- սիրով պատմում է Անին: Այժմ Արցախի հանրային ռադիոյում ընթանում են վերանորոգման աշխատանքներ։

«Իմ կյանքի ամենահաճելի փուլերից մեկն է: Մի սենյակ ու 24-ժամյա ռադիո»,-ասում է Անին։
Ռադիոստուդիայի պատերին կարող ենք հանդիպել ձվի տուփեր, որոնք աչք են շոյում։
«Փորձառու գործընկերներս ասում են՝ չկա ռադիոյի մի լուրջ տնօրեն, որ իր ձեռքերով իր ստուդիայի պատերին ձվի տուփեր մեխած չլինի»,- այսպես հումորով մեկնաբանեց Անին։

Անին զրույցի ավարտին նշեց․ «Իմ ձեռքերի աշխատանքով եմ միայն կառուցում ամեն ինչ: Առհասարակ, կառուցում են միայն աշխատանքով, շատ աշխատելով, նվիրված աշխատելով»։

Մեծ սիրով նրանք իրենց փոքրիկ ընտանիքով կառուցում են Արցախի հանրային ռադիոն։ Այժմ Անիի ձայնը ոչ միայն ծանոթ է Հայաստանում, այլ նաև Արցախում։

Հեղինակ՝ Ջուլիետա Խաչատրյան

Կիսվել