««Հայկական կերպար», #ArmenianLook-ի գաղափարը առաջացավ մեզ մոտ այս տարի հուլիսին՝ Տավուշում տեղի ունենցած դեպքերից հետո, երբ ադրբեջանական կողմը Ռուսաստանի շուկայում արգելել էր ծիրանի վաճառքը»,– journailst.am– ի հետ զրույցում ասաց «Հայկական կերպար», #ArmenianLook նախագծի համահիմնադիր Սաթենիկ Ասիլյանը։
Ահա այդ ժամանակ ֆեյսբուքում ակտիվ մի քանի երիտասարդներ նախաձեռնեցին և ստեղծեցին #ArmenialLook-ը՝ խթանելով հայկական ապրանքների ճանաչումը։
Դրանից բացի, համաճարակը ևս պատճառ դարձավ այդ գաղափարի ստեղծմանը, քանի որ Covid 19-ի պատճառով մարդկանց համար խնդիր էր այլ երկրներից ապրանք պատվիրելը, իսկ այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս հենց Հայաստանում ձեռք բերել այն, ինչ ցանկանում ես։
Նախաձեռնությունը Հայաստանի ներսում հային ծանոթացնում է հենց իր երկրում արտադրվող ապրանքների հետ։ Նախաձեռնողներն իրենց առաջ դրել են հարց՝ ինչու՞ Հայաստանում հայը չպետք է իմանա իր երկրում արտադրվող ապրանքների մասին։
«Հայկական կերպար» նախաձեռնության համահիմնադիր Սաթենիկ Ասիլյանը նշեց, որ թիմում հավաքված բոլոր 6 անդամներն էլ կամավորական հիմունքերով են աշխատում։
«Մեր նպատակը հայկական արտադրությունը խթանելն է և ցույց տալը, որ միֆ է այն, թե հայկականը կամ շատ թանկ է (առանց արդարացման) կամ անորակ»,- ասում է համահիմնադիր Սաթենիկը։
«Հայկական կերպար», #ArmenianLook նախագծի շրջանակներում տեղական արտադրանքը խթանելու նպատակով մի շարք հայ հայտնիներ միացել են նախաձեռնությանը և նկարահանվել հայկական հագուստով։ ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը, հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանը, երգիչ Արսեն Գրիգորյանը արդեն ունեն գեղեցիկ ֆոտոշարք հայկական արտադրության հագուստներով։
Մի քանի օր առաջ նախաձեռնությանն է միացել նաև Արծրուն Հովհաննիսյանը, ով նկարահանվել է քաղաքացիական հագուստով և զինվորական համազգեստով։
Նախաձեռնությանը միացել են «Kammsi», «Ustian», «Nikolay Watches», «Charon Black», «Horus Leather Handcraft Studio», «DANZ» հայկական արտադրությամբ զբաղվող ընկերությունները, որոնց արտադրատեսակներով հնարավոր է դարձել ստեղծել մասնակիցների հայկական կերպարները՝ #ArmenianLook-երը։
Այժմ «Հայկական կերպար» նախաձեռնության անդամները պատրաստվում են ստեղծել #GyumriLook-ը: Կենտրոնանալու են Գյումրիում արտադրվող հագուստի վրա: Համագործակցելու են ընկերությունների հետ, որոնք Գյումրիում են և ստեղծելու են #GyumriLook: Այս նախաձեռնության համար հարկավոր է Գյումրիում հայտնի անձանց աջակցությունը:
«Կոչ եմ անում Գյումրիում բնակվող և չբնակվող մեր հայտնիներին միանալ մեր նախաձեռնությանը և իրենց ներդրումն ունենալ հայկական արտադրանքի զարգացման գործում»,- journailst.am– ի հետ զրույցում ասաց «Հայկական կերպար» նախագծի համահիմնադիր Սաթենիկ Ասիլյանը։
Հեղինակ՝ Սերինե Աղաբեկյան