«Քեֆ չի լինի». Այսպես է կոչվում այն նոր տեսահոլովակը, որ ներկայացրեց ֆրանսիայում ստեղծված հետաքրքիր անվանումով խումբը՝ LADANIVA-ն, որի առանցքում մեր հայրենակցուհի Ժակլին Բաղդասարյանն է: Ընդամենը մեկ օր է անցել հրապարակումից, բայց այն «youtube»-ում 30.000-ից ավելի դիտում ունի։
Նախ ո՞վ է Ժակլինը: Նա խմբի վոկալիստն ու համահիմնադիրն է: Թեև ծնվել է Հայաստանում, բայց մեծացել է Բելառուսում։ Իսկ ավելի ուշ կոնսերվատորիայում սովորելու համար Ֆրանսիա է մեկնել: Արդեն 5 տարի ապրում է Ֆրանսիայի Լիլ քաղաքում։
Ժակլինն ու LADANIVA-ն առավելապես ճանաչում ունեցան Հայաստանում, երբ այս տարվա մարտի սկզբին թողարկվեց Ժակլինի հեղինակային «Վայ աման» երգը: Մի քանի օրում դիտումների մեծ թիվ գրանցվեց:
Ուշադրություն գրավեց ոչ միայն «Վայ ամանը», այլև խմբի հետաքրքիր անվանումը՝ LADANIVA-ն: Պարզվում է՝ հայուհի Ժակլինն ու նրա ֆրանսիացի ընկեր Լուի Թոմասը, երբ որոշեցին խումբ ստեղծել, երկար գլուխ էին կոտրում խմբի լավ անուն գտնելու համար:
Հետո պատահական մի դիպված. հանկարծ պարզվել էր, որ նրանից երկուսի հայրերն էլ ինչ-որ մի ժամանակ նույն մակնիշի խորհրդային մեքենան են նստել, որ արտաքին շուկայում հայտնի էր որպես Lada Niva:
Ահա, դրանից լավ բա՞ն: Հետաքրքիր անվանում ու հեշտ հիշվող:
Սովորելու ընթացքում Ժակլինը առնչվում էր երաժշտական տարբեր ժանրերի` սոուլ, ջազ, փոփ։ Բայց ժողովրդական երաժշտությունը չմոռացավ: Երբ Լուին նկատել էր, որ Ժակլինը նաև հայերեն է երգում, շատ էր դուր եկել: Armeniasputnik.am-ին տված հարցազրույցում նա նշել էր, որ իր պապիկն է ոգեշնչել, շատ մեծ ազդեցություն ունեցել իր վրա, անգամ «Անուշ» օպերայի երգն է սովորեցրել։
Առաջին երգը, որով Ժակլինն ու գործընկերները ներկայացան, «Բինգյոլ»-ն էր: Մեկ տարի առաջ էր: Երգը հրապարակվեց ֆեյսբուքում։
Հիմա արդեն Ժակլինը հասցրել է հայկական ժողովրդական մի շարք երգերի քավր տարբերակներ ներկայացնել: Դրանց թվում են «Զեփյուռի նման», «Չքնաղ երազ» , «Հով արե՛ք, սարեր ջան», «Մոկաց հարսներ» «Սարերի հովին մեռնեմ» և այլ երգեր։
Մինչ կորոնավիրուսի տարածումը նա ծրագրում էր Ladaniva խմբով համերգ կազմակերպել Երևանում, սակայն չհաջողվեց: Բայց հայրենիքում ելույթ ունենալու հույսը չի կորցրել։
Հեղինակ՝ Սեդա Առաքելյան