«ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՆԿԱԽ ԻՄ ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆՆ Է ՄԵՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ». ՍԵՐԳԵՅ ԱՂԱՋԱՆՅԱՆ

«ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՆԿԱԽ ԻՄ ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆՆ Է ՄԵՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ». ՍԵՐԳԵՅ ԱՂԱՋԱՆՅԱՆ

2793

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում արձակագիր, բան. գիտ.  դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Աղաջանյանի հետ:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Տեղեկատվական կենտրոնում հանդիպումը նախատեսված էր անցկացնել փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որն արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Սակայն, պայմանավորված այն հանգամանքով, որ օրը ոչ աշխատանքային էր, հանդիպումը կայացավ փետրվարի 20-ին:

Միջոցառմանը ներկա էին նաև ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը և Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանը: Ն. Մարտիրոսյանը ողջունելով ներկաներին և բարձր գնահատելով ՈՒԳԸ նախաձեռնությունը, նշեց, որ նման հանդիպումները կարևոր են և պետք է դառնան շարունակական:

Ուսանողները նախապես ծանոթացել էին գրող և գիտնական Սերգեյ Աղաջանյանի արձակ ստեղծագործությունների ժողովածուին՝ «Միջօրե»- ին և «Լեզուն և գիրը մշակույթի համակարգում» ուսումնական ձեռնարկին, ուստի հնարավորություն ունեին իրենց հարցերի պատասխանները ստանալու հեղինակից:

Բանախոսն ուսանողներին խորհուրդ տվեց միշտ մտածել ու փորձել գտնել «ինչու»-ների պատասխանը. «Մարդը տարբերվում է մտածելու իր կարողությամբ: Մի՛ զրկեք ձեզ այդ հաճույքից, միշտ հարցեր առաջադրեք ու մտորեք: «Ինչ» կամ «ինչպես» հարեցրին շատերը կարող են պատասխանել, դուք գտեք «ինչու»-ի պատասխանը»:

Խոսելով վերնագրերի մասին՝ Սերգեյ Աղաջանյանն ասաց, որ դրանք պետք է արտացոլեն ստեղծագործությունների բովանդակությունը, չպետք է համատեքստից դուրս լինեն. «Ձեզ՝ ներկա և ապագա լրագրողներին նույնպես խորհուրդ եմ տալիս լուրջ վերաբերել վերնագրերին, դրանցից շատ բան է կախված»:

Մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Նոննա Խաչատրյանը միջոցառման ընթացքում ընթերցեց «Միջօրեից» հատվածներ:

Հանդիպմանը ներկա ուսանողները նշեցին, որ առանձնակի հաճույքով են կարդացել գրքի այն հատվածներն ու պատկերները, որոնցում հեղինակի դիտողականությունը մի պահ կանգ է առնում նյութի արտաքին ու  ներքին, առաջին հայացքից աննկատելի ինչ-ինչ դրվագների վրա և հոգեբանական նրբությամբ խոսեցնում այդ դրվագները: Նման հատվածներ թերևս կարելի է ընթերցել մեր դասական գրողների՝ Բակունցի, Մահարու, Համաստեղի մոտ:

Պրոֆեսոր Դավիթ Պետրոսյանն էլ ներկայացրեց գրքի վերաբերյալ իր խոսքը` մասնավորապես նշելով` «Սերգեյ Աղաջանյանի ստեղծագործություններում առկա փիլիսոփայական ներքին ենթատեքստերը, որոնք բնորոշ են իրեն, իր խառնվածքին ու մտածողությանը հիմնականում խորքային են և ընթերցողին թե’ ստեղծագործությունը կարդալու ընթացքում, թե’ հետո շարունակ մտածելու տեղիք են տալիս: Նման ենթատեքստերի հիմնական առաքելությունն էլ այդ է. դարձնել ընթերցողին իրեն զրուցակից, համահեղինակ, որ նյութն ընթերցելուց հետո նրա միտքը այդքան հեշտ չհեռանա և անմիջապես մոռանա կարդացածը: Հեղինակի գլխավոր հերոսները հիմնականում մաքառող անհատներ են, կյանքի դժվարություններից չվախեցող, դրանք հաղթահարելու պատրաստ և համառ մարդիկ, որոնց հեղինակը կերտում է իբրև պայքարող տեսակ:  Այդ տեսակը, որ նա առաջադրում է իր ընթերցողին, հատկապես այսօրվա երիտասարդ սերնդին, ես համարում եմ խիստ արդիական և կարևոր: Հաջորդ բնութագրական կողմը ուզում եմ համարել Աղաջանյանի առանձնակի հակումը աստվածաշնչյան թեմաների ու պատումների հանդեպ,  ինչը նա անում է հիմնականում վարպետորեն. մի դեպքում՝ Հոբի կերպարը «Լուսնահաչ»-ում և մյուս դեպքում՝ «Ես հուդան եմ» վիպակում և հատկապես «Պարականոն զրույցներ»-ում: Վերջինիս մեջ ինձ դուր է գալիս հեղինակի վիպական պատումի շունչը,  որը նրան հնարավորություն է տալիս լինելու և արարիչ, և դպիր: Երբ արարիչն է առաջին պլանում, հաճելի զարմանքով հետևում ես գրողի երևակայության անսպառ խաղերին, երբ ակնառուն դպիրն է, ապա նկատելի է Աղաջանյանի շարադրանքի առինքնող ռիթմը գրույթի տարածքում»:

 

Քնար Միսակյան

Մագիստրատուրա 1-ին կուրս

ՈՒԳԸ նախագահ


Լուսանկարները` Գայանե Ենոքյանի

Կիսվել