Երևանի թանգարանային ոլորտը վերջին 5 տարիների ընթացքում նկատելի աճ է գրանցել այցելուների առումով, ինչը փաստում են թե՛ վիճակագրական տվյալները, թե՛ թանգարանների աշխատակիցները։
2020-2021 թվականներին COVID-19 համաճարակի խիստ սահմանափակումների պատճառով թանգարանները փակ էին, ցուցադրությունները՝ ժամանակավորապես ընդհատված, իսկ մարդիկ՝ տանը։ Այդ ժամանակաշրջանում նկատվեց այցելությունների թվի կտրուկ անկում։ Բայց արդեն 2022 թվականին՝ համաճարակով պայմանավորված սահմանափակումների մեղմացմամբ, թանգարանները սկսեցին վերականգնել իրենց գործունեությունը։ Թանգարանների ներկայացուցիչների խոսքով՝ չնայած COVID-19-ի համավարակի թողած ծանր հետևանքներին՝ թանգարանները ոչ միայն վերականգնեցին իրենց գրավչությունը, այլև արձանագրեցին տեսանելի աճ՝ շնորհիվ միջազգային համագործակցությունների, բազմաթիվ կրթական ծրագրերի, անընդհատ թարմացվող ցուցադրությունների և ցուցասրահների:
Ըստ ԿԳՄՍ-ի՝ մեզ տրամադրած վիճակագրական տվյալների՝ եթե 2020 թվականին Երևանի թանգարաններում մոտ 293.544 այցելություն է գրանցվել, ապա 2023 թվականին այդ թիվը կտրուկ աճել է՝ հասնելով 1.229.715-ի։ Այսինքն՝ Երևանի թանգարանները տարեցտարի այցելությունների առումով գրանցել են զգալի աճ։
(Վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:)
Պարզելու համար, թե այս դրական շարժն ինչ գործոնների շնորհիվ է գրանցվել, ինչն է մարդկանց՝ թանգարան այցելելությունները խթանել, և ինչ քայլեր են ձեռնարկվում այցելուների ուշադրությունը գրավելու ուղղությամբ, զրուցել ենք մի քանի թանգարանների աշխատակիցների հետ։
Հայաստանի պատմության թանգարանը, օրինակ, ժամանակ առ ժամանակ կազմակերպում, նախաձեռնում է մշտական և ժամանակավոր ցուցադրություններ, որոնք ամենատարբեր թեմաներ են ընդգրկում։ Ներկայումս գործում են Զորավար Անդրանիկին նվիրված ցուցադրությունը, գորգերի ցուցադրության սրահը, «Թուֆենկյան կարպետ» ընկերության հետ համագործակցության արդյունքում կազմակերպված ցուցադրությունը, ինչպես նաև գործում են քարի դարից մինչև միջնադարն ընդգրկող ցուցադրության սրահները։ Առաջիկայում տեղի կունենա նաև Կիլիկյան Հայաստանի պատմությունը ներկայացնող ցուցասրահի բացումը, որը լինելու է մշտական ցուցադրություն։
Մեզ հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի հանրային կապերի պատասխանատու Մարինա Շխոյանը ընդգծեց նաև իրականացվող միջազգային ցուցադրությունների առանցքային դերը. «Սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության թանգարանում գործում է Անահիտ դիցուհուն նվիրված ցուցասրահը, որտեղ առաջին անգամ բրիտանական թանգարանից Հայաստան են բերվել Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի գլուխն ու ձեռքը։ Եվ կարելի է ասել, որ ներկայումս Անահիտ աստվածուհուն նվիրված ցուցասրահը առաջատար է այցելությունների թվով, քանի որ մարդկանց մեծ մասը գալիս է հենց այս բացառիկ նմուշը տեսնելու։ Հաջորդ ուշագրավ ցուցահանդեսը լինելու է առաջիկայում՝ նվիրված ճանաչված ֆրանսիացի հնագետ Ժակ դը Մորգանին»։
Մարինա Շխոյանի խոսքով՝ նոր ցուցադրությունների շրջանակներում պարբերաբար իրականացվում են դասախոսություններ, կրթական ծրագրեր, որոնց մասին այցելուները տեղեկացվում են ֆեյսբուքյան, ինստագրամյան էջերի կամ կայքի միջոցով։
Գրականության և արվեստի թանգարանի մարքեթինգային ծրագրերի պատասխանատու Հասմիկ Հախվերդյանն էլ կարևորեց կրթական ծրագրերի իրականացումն ու հատուկ ցուցանմուշների հանրայնացման դերը․ «Կրթական հաստատությունների, հատկապես դպրոցների հոսքը մեր թանգարան մեծ է։ Այդ հոսքին նաև մեծապես նպաստում է պետական մոտեցումը՝ աբոնեմենտային քաղաքականությունը։ Եվ այս փաստը շատ ուրախալի է, քանի որ մեր թանգարանում պահվում են արվեստի, գրականության, հայ անվանի մեծերի կյանքին վերաբերող արխիվային նյութեր և բացառիկ ցուցանմուշներ։ Թանգարանի ցուցադրության մեջ նաև ներառված են այնպիսի նյութեր, որոնք համաշխարհային մշակույթի պատմության համար շատ կարևոր տեղ ունեն և մեծ հետաքրքրություն են վայելում։ Այս շարքում կարող եմ առանձնացնել Նապոլեոն Բոնապարտի հրաժարականի ձեռագիրը, Լուի 14-րդի նամակը՝ ուղղված Պետրոս Մեծին, և մի շարք այլ ձեռագիր նմուշներ։ Այստեղ շատ կարևոր է առանձնացնել նաև Միջին Արևելքի արվեստի ցուցադրությունը»։
Թանգարանն ունի 5 մասնաճյուղ՝ Գորիսում Բակունցի, Դսեղում Հովհաննես Թումանյանի, Աշտարակում Պերճ Պռոշյանի, Երևանում Սիլվա Կապուտիկյանի և Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանները, որոնց այցելությունների թվերը ևս ներառված են վիճակագրական տվյալներում։ Հատկանշական է, որ թե՛ տեղացիների և թե՛ զբոսաշրջիկների ավելի մեծ հոսք ունի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը, քան մայր թանգարանը։
Թանգարանների այցելուների թվում են նաև օտարերկրացիները։
Սերգեյ Փարաջանովի թանգարանը, տնօրեն Անահիտ Միքայելյանի խոսքով, ստեղծման օրից այցելությունների հատուկ խնդիր չի ունեցել, որովհետև թանգարանն իր հավաքածուով արդեն իսկ մեծ հետաքրքրություն ներկայացնող հարուստ մշակութային կենտրոն է։ Այն առանձնանում է հատկապես զբոսաշրջիկների մեծ հոսքով․
«Հիմա այցելուների տոկոսային հարաբերությունը կտրուկ չի տարբերվում, այսինքն՝ զբոսաշրջիկներն էլ նույնչափ հետաքրքրված են, ինչքան տեղացիները։ Նախկինում զբոսաշրջիկներն ավելի շատ էին հետաքրքրված, քան մեր տեղացիները, բայց նաև բաժանորդային ծրագիրը բերեց այն նպաստին, որ տեղացիների հետաքրքրությունը ևս զգալի չափով մեծացավ։ Այսօր հուրախություն մեզ՝ ունենք նաև տեղացի այցելուներ, որոնք ոչ թե պարտադրված են գալիս, այլ գիտակցաբար ու թանգարան այցելելու կարևորությունը զգալով։ Դա շատ մեծ ձեռքբերում է մեզ համար։ Այնուամենայնիվ, թանգարանը պետք է ամեն օր, ամեն ժամ ունենա ժամանակակից ռիթմի հետ շարժվելու կարողությունը՝ պահելով իր գրավչությունը»։
Ամփոփելով պարզ է դառնում, որ անընդհատ թարմացվող ցուցադրությունները, կրթական նախաձեռնությունները և միջազգային համագործակցությունը այն հիմնական գործոններն են, որոնք խթանում են ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների այցելությունների աճը։ Չնայած ակնհայտ հաջողություններին և վերջին տարիների առաջընթացին՝ թանգարանները դեռևս կանգնած են որոշ մարտահրավերների առաջ։ Թանգարանների ներկայացուցիչների խոսքով՝ դրանք են ֆինանսավորման պակասը, թվայնացման դանդաղեցումը, հանրահռչակման սահմանափակ գործիքները։ Սակայն նրանք լիահույս են, որ առաջիկայում միջազգային համագործակցությունը և պետական աջակցությունը կլուծեն և այս խնդիրները։
Իսկ թանգարանների հասցեներին և տոմսերի արժեքներին կարելի է ծանոթանալ այստեղ:
Մարինե Զոհրաբյան
3-րդ կուրս