Թափառող շների խնդիրը երևանցիների համար շարունակում է մտահոգիչ թեմա մնալ։ Խնդրի լուծումը կարևոր է ոչ միայն քաղաքացիների անվտանգության, այլ նաև կենդանիների բարեկեցության տեսանկյունից և պահանջում է պատասխանատու քայլեր՝ ապահովելու անվտանգ ու հարմարավետ միջավայր թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների համար։ Լրատվամիջոցները բազմիցս անդրադարձել են մայրաքաղաքում տիրող իրավիճակին, սակայն խնդիրը դեռևս լուծված չէ:
Երևանի քաղաքապետարանին մեր ուղարկած գրավոր հարցմանն ի պատասխան՝ Բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը նշել է. «Կենդանիների խնամքի կենտրոն ՀՈԱԿ-ը գործում է 2019 թվականից: Կազմակերպությունն իրականացնում է թափառող կենդանիների գլխաքանակի կանոնակարգման ծրագիր` ստերջացման եղանակով: Ծրագիրը ենթադրում է անտուն, թափառող կենդանիների բռնում, նախնական հետազոտություն, վտանգավոր վարակիչ հիվանդությունների առկայության դեպքում ըստ Անասնաբուժության մասին ՀՀ օրենքի` քնեցում, առողջ կենդանիների ստերջացում, պատվաստում կատաղություն հիվանդության դեմ: Գործընթացի ավարտից հետո կենդանիները վերադարձվում են տարածք` ականջներին կրելով տարբերանշաններ, կամ, հնարավորության դեպքում, տրվում են որդեգրության: Կենտրոնի կողմից իրականացվում են նաև մայրաքաղաքի փողոցներից անկած կենդանիների դիերի հավաքման և ոչնչացման աշխատանքներ»: Տեղեկացրել են նաև, որ համաձայն «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ից ստացված տեղեկատվության՝ 2019թ.-ից մինչև 2024թ.-ի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի փողոցներից կենտրոնի կլինիկա է տեղափոխվել 21947 թափառող շուն:
Քաղաքացիները, սակայն նշում են` թափառող շները մայրաքաղաքի փողոցներում շարունակում են խոչընդոտել մարդկանց անվտանգությանը։ Մեզ հետ զրույցում մի քանիսը նշեցին նաև, որ խնդրի լուծումը չպետք է վնասի կենդանիներին.
«Դա իմ ցավոտ խնդիրն է. ամեն գիշեր մեր փողոցում շների համերգ է, էլ չեմ ասում, որ մուտքը մի մեծ սև շուն է հսկում»։
«Թափառող շները, բնականաբար, հաճախ ցուցաբերում են ագրեսիվություն, սակայն խնդրի լուծումը չպետք է վնասի կենդանիներին, նրանց համար պետք է ստեղծվեն բարենպաստ պայմաններ»։
«Երեխաներս առավոտյան մենակ չեն կարողանում դպրոց գնալ, վախենում են, չեմ կարծում, որ այս խնդիրը մի օր կլուծվի» :
«Թափառող շներն անձամբ ինձ չեն վնասել, սակայն լսել եմ մի շարք խոսակցություններ այն մասին, որ դրանք ավելի վտանգավոր են դարձել։ Ինձ նույնպես հուզում է այս խնդիրը, և ցանկանում եմ, որ բարենպաստ պայմաններ ստեղծվեն նրանց համար»:
«Շատ անգամ եմ նկատել, որ մեծ շների խմբեր են հավաքվում այգիներում ու բակերում։ Կենդանիներին չեմ մեղադրում, բայց քաղաքապետարանը պետք է շուտ լուծի այս խնդիրը։ Մարդիկ իրենց անվտանգ չեն զգում»:
Հարցին, թե ինչ ծրագրեր կամ նախաձեռնություններ են նախատեսվում խնդրի լուծման համար, Սիրարփի Հայկազյանը պատասխանել է` 2025 թվականի ծրագրում նախատեսված է համայնքային կացարանների կառուցումը, ինչը փողոցում կենդանիների թիվը նվազեցնելուն զուգահեռ առավել մեծ թվով անտուն կենդանիներ պահելու և որդեգրության հանձնելու հնարավորություն կտա: Ինչպես նաև հանրության շրջանում իրազեկվածության բարձրացման նպատակով իրականացվում են իրազեկման տարբեր աշխատանքներ, համայնքային դպրոցներում անկացվում են «Շների հետ վարվելու կանոնները» խորագրով կրթական արշավներ:
Ըստ Առողջապահության նախարարությանն փոխանցած տվյալների՝ շների կծելու հետևանքով մարդկանց տուժելու դեպքերը վերջին հինգ տարիների ընթացքում աճել են, սակայն դեպքերի արդյունքում չի արձանագրվել կատաղություն հիվանդություն:
Արդեն 10 տարի անտուն կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո թիմ» կազմակերպությունից նշեցին, որ եթե բոլոր շներին հավաքեն ու կացարան տանեն, ապա ուղիղ մեկ տարի անց փողոցում կլինի նույն քանակի շուն, քանի որ տան շները բազմանում են անկանոն, և սերունդները հայտնվում են դրսում․ «Բոլոր շները, որոնք կացարանում են, էսպես թե էնպես պիտի ստերջացվեն, քանի որ կացարանում չի կարող լինել չստերջացված շուն: Ստացվում է՝ բյուջեից հսկայական գումարներ ծախսվում են, կա անհնարին թվով շներ պարունակող կացարան, ու էլի փողոցները լիքն են շներով, որոնք ստերջացված չեն, բազմանում են…»։
Կազմակերպությունն այս պահի դրությամբ ունի 120 շուն պատսպարող կացարան․ «Շները կացարանում երջանիկ չեն։ Ապահով են, կուշտ են, բայց երջանիկ չեն: Նրանցից շատերի հոգեկանը ժամանակի ընթացքոմ դուրս է գալիս շարքից: Քանի որ շները գալիս են փողոցից, նրանք կարող են ունենալ տարբեր հիվանդությունների գաղտնի շրջան, որը զննումով չես պարզի, օրինակ՝ չումկա: Իսկ այդքան շանը պատվաստել, կարանտին պահել, պրակտիկորեն անհնար է»։
Հասմիկ Գևորգյան
3-րդ կուրս